Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ախալքալաքում՝ Ելենա Ֆիգելի անվան պուրակում ֆլեշմոբ է անցկացվել՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակի շրջանակներում։ Միամսյակի շրջանակներում տեղեկատվական արշավն անցկացվում է «Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ» նշանաբանի ներքո։
Ելենա Ֆիգելի անվան պուրակում այսօր հավաքվել էին բազմաթիվ կանայք և տղամարդիկ,որոնք վարդագույն ժապավեններով և փուչիկներով էին ։ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակի շրջանակներում կազմակերպված ֆլեշմոբին մասնակցում էին տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, այլևայլ մասնագիտացում ունեցող բժիշկներ, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահն ու նրա տեղակալները, նախակրթարանների ներկայացուցիչներ, մանկավարժներ և այլք։ Ֆլեշմոբի մասնակիցները կրում էին վարդագույն ժապավեններ (այս հիվանդության դեմ պայքարի խորհրդանիշը) և վարդագույն փուչիկներ բաց թողեցին դեպի երկինք։
Խորհրդանշական է, որ ֆլեշմոբը տեղի է ունեցել պուրակում, որը վերջերս անվանակոչվել է բժշկուհի Ելենա Ֆիգելի անունով, ով անմիջական մասնակցություն ուներ այս հիվանդության դեմ պայքարում։ Ելենա Ֆիգելը մահացել է այս տարվա սկզբին ծանր հիվանդության պատճառով։
«Բաց թողնված փուչիկներով մենք ուզում ենք ասել, որ Ելենայի սկսած գործն անմահ է։ Մենք բոլորս հիշում ենք նրան և պարտական ենք նրան շատերի առողջության համար։ Մենք երախտապարտ ենք նրան մեր ընտանիքներում մանկան ճիչը լսելու համար։ Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չհամարելու համար մենք ամբողջ ամիս քարոզում ենք, որ եթե այս հիվանդությունն ավելի վաղ հայտնաբերվի, կարելի է փրկել կյանքեր»,- ասաց Ախալքալաքի Սակրեբուլոյի Գենդերային խորհրդի փոխնախագահ Սեդա Մելքումյանը։
Ելույթով հանդես եկավ նաև Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
«Նշեմ, որ ոչ միայն կրծքագեղձի, այլ նաև այլ օրգանների քաղցկեղը, հատկապես կանանց մոտ, տարածված հիվանդություն է։ Հաշվի առնելով առկա առողջապահական հնարավորություններն ու մակարդակը՝ այս ախտորոշումը դատավճիռ չէ, քանի որ եթե մարդիկ ժամանակին ուշադրություն դարձնեն սեփական առողջությանը և շահագրգռված լինեն ամրապնդել այն,ապա կդիմեն բուժհաստատություններ: Նման դեպքերում հնարավոր է հայտնաբերել այս հիվանդությունը կանխավ, հիվանդության զարգացման փուլում, այնուհետև բուժվել: Նման դեպքերում 90%-ից ավելին դրական արդյունքների է հանգեցնում, և մարդիկ կարողանում են ավելի երկար ապրել՝ տասնամյակներով»,- իր խոսքում ասաց Ալեքսան Թորոյանը:
Ե՛վ բժիշկները, և՛ տեղական իշխանությունների ներկայացուցիչները եկան ընդհանուր հայտարարի,մասնավորապես,հրավիրել այս հիվանդության մասնագետներին՝ մամոլոգներին, որոնց կդիմեն տեղի բնակիչներից շատերը, ովքեր կասկածում են, որ իրենք ունեն այս հիվանդությունը։ Ցանկացողները կարող են դիմել կա՛մ Ախալքալաքի Սակրեբուլոյի Գենդերային խորհուրդ, կա՛մ Հանրային Առողջապահության Կենտրոն։