«Մզիուրի» կոոպերատիվը, սեփական արտադրանքը վաճառելու համար, Ջավախեթյան փողոցում կաթնամթերքի խանութ է բացել, սակայն մինչ խանութը հանրաճանաչություն էր ձեռք բերում, սկսվեց փողոցի վերականգնումը, և խանութ հասնելը դժվարացավ։ Փողոցի վերանորոգումն արդեն երկու տարի է ձգվում է, հաճախորդները խանութ չեն գնում, խանութի համար արտադրվող մթերքը ստիպված էին կրճատել։

«Մզիուրի» կոոպերատիվը ԵՄ ENPARD-2 ծրագրով մասնակցել է LAG-ի (Տեղական զարգացման խումբ) մրցույթին և շահել կոոպերատիվի զարգացման համար դրամաշնորհ, ավելի ճիշտ՝ կոոպերատիվի արտադրանքի վաճառքի խանութ կառուցելու համար։ Արդեն երկու տարի է Ջավախեթյան փողոցը, որտեղ գտնվում է կոոպերատիվի կաթնամթերքի խանութը, վերականգնվում է, որը գրեթե անանցանելի է։ «Մզիուրի» կոոպերատիվի նախագահ Մաքսիմ Գիլոյանի խոսքով, դա մեծ հարված է հասցրել բիզնեսին:

Կոոպերատիվ խանութի կառուցման նախագիծն եղել է 75 000 լարի, որից 25%-ը կոոպերատիվի ներդրումն է, մնացածը՝ LAG -ի դրամաշնորհը։ Գիլոյանի խոսքով, առանց դրամաշնորհի չէին կարող ընդլայնվել, քանի որ պանիր են արտադրում, իսկ այդ արտադրությունն այնքան էլ մեծ չէ, որ խանութ կառուցեն: Խանութը կառուցվել է 2019 թվականին, այն աշխատել է ընդամենը մեկ տարի։

«Մարդիկ չեն գալիս, չեն կարողանում մեքենայով մոտենալ, որովհետև փողոցը քանդված է: Այնտեղ վաճառող կար, հետո պարզվեց, որ իզուր եմ փող տալիս նրան, առևտուր չկար: Ես խանութը սարքել էի, որ ապրանքս վաճառեի, բայց դա իր նպատակին չծառայեց, մարդիկ ներս չեն մտնում, ապրանքը չի վաճառվում։ Ճանապարհի պատճառով իմ բիզնեսը առաջ չի գնում։ Խանութում ես միշտ ունեի իմ սեփական կաթնաշոռը, թթվասերը, բոլորն արդեն գիտեին և գալիս էին: Այդ կաթնամթերքները երկար չի կարելի պահել, շուտ փչացող են»,- ասում է Մաքսիմ Գիլոյանը։

Վերջնական հաշվով, երբ կոոպերատիվում հասկացան, որ խանութն արդյունք չի տալիս, կրճատեցին այլ կաթնամթերքների արտադրությունը՝ թողնելով միայն պանիրը։

«Մզիուրի» կոոպերատիվը ստեղծվել է 2009թ.-ին: Պանրի արտադրության համար կոոպերատիվը կաթը գնում է հիմնականում Բավրա գյուղի բնակիչներից։ Ամռանը օրական 600-700 լիտր կաթ էին վերամշակում, հիմա քիչ է՝ երեք օրը մեկ ընդամենը 200 լիտր։ 1 լիտր կաթը գնում են 1,8 լարիով։ Արտադրվում են սուլուգունի, ապխտած, չեչիլ պանրատեսսակներ։

giloyan panir

Մաքսիմ Գիլոյանի խոսքով, պանիր վաճառելու հետ կապված խնդիր չունեն, նրանք իրենց ապրանքը վաճառում են Ախալքալաքում: Գնում են ռեստորանները, խանութները, նաև ծանոթ-բարեկամները, ովքեր արդեն ծանոթ են իրենց արտադրանքի համին։