Կարտոֆիլի բերքահավաքը Ջավախքում ուղեկցվում է յուրահատուկ մի ավանդույթով, որը սկիզբ է առել սովետական ժամանակներից: Տարվա այս եղանակին գրեթե բոլորի դաշտերից ծուխ է բարձրանում, ինչը նշանակում է, որ մարդիկ կրակ են վառել ու կարտոֆիլ են խորովում: Խորոված կարտոֆիլը ջավախքցիների ամենասիրած և ամենահամով ուտեստներից է:
Ջավախքում ասում են՝ համի գաղտնիքը հենց դաշտում աթարով կրակ վառելու և մոխրի մեջ կարտոֆիլը խորովելու մեջ է: Այստեղ բոլորը վստահ են, որ ջավախքյան խորոված կարտոֆիլի համն ու հոտն ուրիշ է, որը հնարավոր չէ համտեսել որևէ այլ տեղ:
Կարտոֆիլը խորովելու համար ամենակարևորն աթարն է, որի մեջ այն խորովվում է։ Սկզբում վառում են աթարն այնքան մինչև մոխրանա, հետո մոխիրի մեջ լցնում են կարտոֆիլ ու խորովում: Ընդունված է խորոված կարտոֆիլը ճաշակել տարբեր տեսակի թթուներով, լավաշով ու պանիրով։