PMC կենտրոնի «Հանրային ծառայության մեջ էթնիկ փոքրամասնությունների ընդգրկվածության գնահատում» ուսումնասիրության շրջանակներում բացահայտվել են այն խնդիրները, որոնց բախվում են պետական ծառայողները, ովքեր ազգությամբ հայ են: Վրաստանի բոլոր էթնիկ փոքրամասնություններն ընդհանուր խնդիրներ ունեն՝ պետական լեզվի չիմացություն, կանանց ցածր մակարդակով ընդգրկվածություն, քաղաքական ազդեցություն, նեպոտիզմ։ Կան նաև խնդիրներ, որոնք տարբեր մունիցիպալիտետներում տարբերվում են:
Սամցխե-Ջավախքում ուսումնասիրությունն իրականացվել է երեք մունիցիպալիտետում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում: Ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և UK Aid-ի աջակցությամբ: Ուսումնասիրության համար հարցազրույցներ են անցկացվել տարբեր ֆոկուս-խմբերում, այդ թվում՝ 20 հայախոս պետական ծառայողների, «1+4» ծրագրի 5 ստաժորների, պետական աշխատանքի ընդունվել ցանկացող 5 հայախոս քաղաքացիների և այլոց հետ:
Չնայած այն հանգամանքին, որ պետական լեզվի չիմացությունը համարվում է պետական ծառայողների խնդիրներից մեկը, ուսումնասիրության մեջ նշվում է, որ լեզվի չիմացությունը Սամցխե-Ջավախքում (խմբ. Ախալքալաքում, Նինոծմինդայում) պատճառ չէ, որ մարդուն աշխատանքի չընդունեն, քանի որ չկան պահանջներ և լեզվի իմացության մակարդակի ստուգում, և հարցազրույցը հաճախ չի անցկացվում վրացերենով։ Ուսումնասիրության մեջ նշվում է, քանի որ աշխատանքի ընթացքում, հատկապես փաստաթղթերի հետ կապված, վրացերենի իմացությունը անհրաժեշտ է, և մասնագետներին պաշտոններին նշանակում են վրացիներին, կամ լեզվին տիրապետող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, իսկ վրացերենին ավելի քիչ տիրապետող մարդկանց նշանակում են քաղաքապետի ներկայացուցիչների պաշտոններին: Պաշտոնական գրասենյակային աշխատանքում հաստատությունները հաճախ օգտվում են լեզվին տիրապետող թարգմանիչների և իրենց վրացախոս մասնագետների ծառայություններից, իսկ բնակչության հետ շփման հարցում առաջնայինը հայերեն խոսող աշխատակիցներն են հանդիսանում, ուստի երկլեզու աշխատողների դերը շատ կարևոր է։
Վրաց լեզվին չտիրապետող պետական ծառայողներն ասում են, որ լեզվի չիմացությունը դժվարացնում է աշխատանքը, բայց նրանք դեռ կարողանում են այն կատարել: Այնուամենայնիվ, ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այդ բացը դեռ բացասաբար է անդրադառնում իրենց արդյունավետության վրա։
Ուսումնասիրության ընթացքում հանրային ծառայողները նաև ասել են, որ իշխանական կառույցներում աշխատանքի տեղավորվելու հարցում կա նեպոտիզմ: Նրանք նաև նշել են, որ մեծ նշանակություն ունեն թեկնածուների քաղաքական հայացքները։ Քաղաքական հայացքները և «շատ բարձր» քաղաքացիական ակտիվությունը ևս կարող են խանգարել աշխատանք գտնելուն կամ կարիերայի աճ գրանցելուն:
Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաև էթնիկ փոքրամասնությունների հանրային ծառայության հետ կապված այլ խնդիրներին և մանրամասներին, ուսումնասիրությանն ավելի մանրամասն վրացերենով կարելի է ծանոթանալ այստեղ։
Ուսումնասիրության արդյունքում ստացված առաջարկություններում նշված է, որ անհրաժեշտ է բարձրացնել էթնիկ բազմազանության մասին գիտելիքների մակարդակը պետական ծառայողների շրջանում, ովքեր չեն ապրում էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում: Նշվում է, որ էթնիկ փոքրամասնությունների ինտեգրումը հաճախ ընկալվում է որպես ոչ այլ ինչ, քան պետական լեզվի ուսուցում։ Տարածաշրջանային և կենտրոնական մակարդակներում առաջարկվում է մշակել էթնիկ փոքրամասնություններին աջակցության համակարգ՝ թափուր աշխատատեղերի ընդունման հարցում, ինչպես նաև այդ մակարդակներում բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածության կարևորության մասին իրազեկվածության մակարդակը: