Վրաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ծղալտուբո քաղաքի բնակչին առանձնակի դաժանությամբ հարսի նկատմամբ մահափորձ կատարելու համար։ Հետաքննության տվյալներով՝ կալանավորը մանկահասակ երեխաների ներկայությամբ դանակով մի քանի հարված է հասցրել իր որդու այրուն։
Դրա համար նրան սպառնում է 16-ից 20 տարի ազատազրկում։
Խոսքը հոկտեմբերի 18-ին գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպի մասին է։ Լրատվամիջոցները հայտնում են, որ մի կին երեք մանկահասակ երեխաների հետ այցելել է ամուսնու գերեզմանին, որտեղ քիչ անց հայտնվել է վերջինիս սկեսրայրը և դանակի մի քանի հարված է հասցրել նրան: Տուժածը հոսպիտալացվել է և վիրահատվել։ Ըստ բժիշկների՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
«Սակուլիա գյուղում ամբաստանյալը դանակահարել է իր հարսին մարմնի տարբեր մասերում՝ նրա մանկահասակ երեխաների ներկայությամբ՝ խտրական անհանդուրժողականության և կանանց նկատմամբ կարծրատիպային հայացքների հողի վրա։ Ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ հաջողվել է փրկվել տուժածի կյանքը»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Քննչական գերատեսչությունը նշում է, որ օրենքով սահմանված ժամկետներում կդիմի դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով։
Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է մահափորձի մեջ մեղադրվողին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 111-րդ, 19-109-րդ հոդվածի «թ», «կ» և «մ» կետերով (ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ մահափորձի կատարելու և գենդերային հիմունքներով), որը նախատեսում է ազատազրկում՝ 16-ից 20 տարի ժամկետով։