Գրեթե ամեն տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղացած ուժեղ կարկուտը վնասում է ֆերմերների գյուղատնտեսական ցանքատարածությունները, ինչը վատ է անդրադառնում բերքի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում բերքի ապահովագրությունը սուբսիդավորվում է 70%-ով, Ախալքալաքում դեռ չեն ցանկանում ապահովագրել իրենց բերքը։ «Ագրոապահովագրություն» ծրագրի գոյության 8 տարիների ընթացքում այն դառնում է ավելի քիչ տարածված։
«Ագրոապահովագրությունը» պետական ծրագիր է: Ապահովագրության 70%-ը ընկերությանը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ հողատարածքի սեփականատերը։ Բոլոր ընկերությունները Ջավախքում բերքը ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտահարությունից և փոթորիկից:
Ելնելով այն հանգամանքից, որ հաճախ եղանակային պայմանների պատճառով Ջավախքում կարտոֆիլի բերքը քիչ է լինում, Jnews-ը փորձեց պարզել ծրագրի անարդյունավետության պատճառները Ջավախքում, և առհասարակ, Վրաստանում։
Ֆերմեր. Անիմաստ է, ընկերությունները, միևնույն է, արդար չեն գնահատում
Մուրջախեթ գյուղից Ղազար Ճորուխյանն արդեն 20 տարուց ավել է նույն գործով է զբաղվում, կարտոֆիլ է ցանում ու աղոթում, որ եղանակը բարենպաստ լինի, որ աշնանը լավ բերք ստանա։ Երեք տարի առաջ նա ապահովագրել էր իր կարտոֆիլի դաշտերը։ Դրանից հետո նա դադարեց ապահովագրել։
«Կարկուտը 90 տոկոսով փչացրել էր իմ կարտոֆիլի ցանքատարածությունները, իսկ փոխհատուցում տվեցին 17 տոկոս, բայց նրանք եկել են իմ զանգից 15-20 օր հետո, երբ ես դեղերի միջոցով մի կերպ վերականգնել էի արդեն: Ես իմ մասնաբաժին գումարը բանկից էի վարկ վերցրել ու վնաս կրեցի։ Այլեւս չեմ ապահովագրում, հիասթափվել եմ»,- ասում է նա։
Ըստ պայմանագրի քանի օրում պետք է ժամանեին ապահովագրական ընկերության գործակալները, նա չգիտի, պայմանագիրը չի կարդացել։ Եվ գործակալներին սպասելու ընթացքում նա որոշել է գործել և դաշտերը ցողել է պարարտանյութերով և աճի խթանիչներով։
Օգոստոսի 7, 2022 թ., Մաջադիա գյուղի կարտոֆիլի դաշտեր
Ֆերմերներն ասում են, որ իմաստ չունի ապահովագրության վրա գումար ծախսել, քանի որ ապահովագրական գործակալները վնասն արդար չեն գնահատում, նրանք աշխատում են ոչ թե ֆերմերների, այլ ընկերության օգտին:
Օլավերդ գյուղից Տաշչյան Ստյոպան ասում է, որ չի ապահովագրում, քանի որ բոլոր կարտոֆիլագործները դժգոհ են:
«Ես 5-6 հեկտար կարտոֆիլ եմ ցանում, երբեք չեմ ապահովագրել, մարդիկ գոհ չեն ու ասում են, որ իրենք (խմբ.՝ ընկերությունները) խաբում են ու նորմալ չեն վճարում»,- ասում է Ստյոպա Տաշչյանը։
Ինչու են ֆերմերները դժգոհ, այս հարցերին ընկերություններից պատասխան հնարավոր չի ստանալ, քանի որ հաճախորդների և ընկերության հարաբերությունները հանրային քննարկման առարկա չեն: Իսկ ծրագրի նախաձեռնողները՝ Գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղական զարգացման գործակալությունը, մեր այն հարցին, թե ինչպես է իրականացվում հանրայնացումը և ինչու են գյուղացիները դժգոհ ապահովագրական ընկերություններից, պատասխանեցին, որ հեռուստատեսությամբ տեղեկատվական քարոզարշավ է իրականացվում, տեղադրվում են գովազդային վահանակներ, ինչպես նաև, որ բոլոր ցանկացողները կարող են տեղեկատվություն ստանալ մունիցիպալիտետներում գործող Տեղեկա-խորհրդատվական կենտրոններից։ Ընկերությունների աշխատանքի, այդ աշխատանքների մոնիտորինգի վերաբերյալ հարցերը մնացին անպատասխան, Jnews-ին վերոնշյալ գործակալության նամակում միայն նշվում է, որ հաշվետվության պայմանները և մոնիտորինգը նշված են որոշման մեջ։
Տնտեսագետ և գյուղատնտեսության փորձագետ Սալոմե Գելաշվիլին ուսումնասիրել է այս ծրագիրը։ Վերջինիս խոսքով, ոչ միայն Ջավախքում, այլեւ բոլոր շրջաններում «Ագրոապահովագրությունն» անարդյունավետ ընթացք ունի։
Նա նշում է, որ ընկերություններն առանձնապես շահագրգռված չեն շատ հաճախորդներ ներգրավելու հարցում, ինչպես նաև ընկերություններում քիչ են գյուղատնտեսության ոլորտի մասնագետները։
«Ագրոապահովագրությունն ընկերության հիմնական գործունեությունը չէ, դա փոքր պորտֆել է, հիմնականում ամբողջ եկամտի ընդամենը 5 տոկոսը: Ելնելով դրանից, նրանք քիչ աշխատող ունեն, ովքեր հասկանում են այս ոլորտից, կարող են գնահատել իրավիճակը, վնասը: Եվ սա ևս խնդիր է առաջացնում ֆերմերների համար»,- ասում է Սալոմե Գելաշվիլին։
Ամբողջ Վրաստանում արտադրվող կարտոֆիլի 60%-ը Սամցխե-Ջավախքի մասնաբաժինն է, իսկ Ախալքալաքը համարվում է կարտոֆիլի աճեցման հիմնական մունիցիպալիտետը։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքը կարտոֆիլ արտադրող է, կարտոֆիլագործությանը նպաստող ծրագրեր չկան։ Բնական աղետների դեպքում իրականացվում է «Ագրոապահովագրություն» ծրագիրը, որը հանրաճանաչ չէ և, օրինակ, չի ֆինանսավորում երաշտից հասցված վնասները։
Չգրանցված հողերը ֆերմերները չեն կարողանում ապահովագրել
Օլավերդ գյուղից Վաղինակ Սողբատյանը, չգիտի, եթե նման հնարավորություն ունենար, կապահովագրեր իր բերքը։
«Ինչի հիման վրա եմ ապահովագրելու: Երկու տարի է, ինչ դիմում եմ գրել, եկել են չափել են, 450 լարի վճարել եմ, տունն էլ են չափել: Ես նոր եմ վերադարձել քաղաքից, հետաքրքրվել եմ գրանցումով, ասում են ընթացքի մեջ է, արդեն երկու տարի է դա են ասում»,- ասում է Վաղինակ Սողբատյանը։
Նրա համագյուղացի Աղվան Վահրադյանը մատների վրա է հաշվում, թե ով է իրենց գյուղում ապահովագրել հողերը, ընդամենը 6-7 հոգի։
Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանն ասում է, որ եթե հողը գրանցված չէ, վարձակալությունն էլ հեշտ չէ.
«Վարձակալությամբ տրված հողերը հիմնականում գրանցված չեն, և վարձակալությունը ոչ միշտ է ձեւակերպվում, բացի այդ, գարնանը գյուղացին միշտ չէ, որ հավելյալ միջոցներ է ունենում ապահովագրության համար»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։
Ագրոապահովագրության ծրագիրն ուսումնասիրելիս Սալոմե Գելաշվիլին պարզել է մի քանի պատճառ, թե ինչու են ֆերմերները հրաժարվում ապահովագրել իրենց բերքը։
Ըստ փորձագետի, ծրագիրը չի տալիս ակնկալվող արդյունքները, քանի որ հստակ չափորոշիչներ չեն սահմանվել, որոնցով հնարավոր կլիներ ընկերություններից վնասի գնահատում հայցել։
«Ուղեցույցներ չկան, իսկ երբ ուղեցույցներ չկան, ֆերմերը չի կարող մարդու հետ վիճել, իսկ նա գնահատում է իր հայեցողությամբ: Դա ճիշտ չէ, պետք է լինեն ուղեցույցներ, որոնց համաձայն պետք է ամեն ինչ գրանցել»,- ասաց Սալոմե Գելաշվիլի:
Ագրոապահովագրության 8 տարին
Ախալքալաքում կան մարդիկ, ովքեր երկարաժամկետ հեռանկարում են նայում ապահովագրության առավելություններին։ Օրջա գյուղից Նաիրի Հարությունյանը հաշվարկել և որոշել է, որ բերքի ապահովագրումը ճիշտ է:
«Այս տարի ես առաջին անգամ ապահովագրել եմ 2,5 հեկտար կարտոֆիլ և 1,5 հա ցորեն: Ես հետո էլ կապահովագրեմ: Ամեն տարի 500 լարի եմ կորցնում, բայց ինչպես էլ լինի, եթե 10 տարում կարկուտը գոնե մեկ անգամ վնասի, ես կստանամ 3000-4000 լարի փոխհատուցում, եթե վնասը գնահատեն գոնե 20%-ով»,- ասում է Նաիրի Հարությունյանը։
Բերքահավաքը Չամդուրա գյուղում, հոկտեմբերի 14, 2022 թ.
Կարտոֆիլի ապահովագրության ընդհանուր գումարը 1 հա դաշտի համար կազմում է 1275 լարի, որից 382,50 լարին վճարում է գյուղացին, իսկ 892,50 լարին՝ պետությունը։ Ըստ ապահովագրական չափանիշների, կարտոֆիլի դաշտի 1 հա 100%-անոց վնասի համար կարելի է ստանալ 15 000 լարի։ Այս գումարը հաշվարկվում է 1 կգ կարտոֆիլի 0,60 թեթրի արժեքի պայմաններում և 25 000 կգ/հա բերքատվության դեպքում։
Վրաստանում գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում է 2014 թվականից։ Այս ոլորտում աշխատում են բազմաթիվ ապահովագրական ընկերություններ։ Այս տարի վրացական շուկայում այս ուղղությամբ աշխատում է 6 ընկերություն՝ «Ալդագի», «Փրայմ», «Արդի», «TBC ապահովագրություն», «New Vision Insurance», «Georgian Insurance Group»։
Նշենք, որ ապահովագրական ընկերությունները Ջավախքում այնքան էլ ակտիվ չեն և տեղեկատվական արշավներ չեն իրականացնում։ Ոչ բոլոր ընկերություններն ունեն իրենց ներկայացուցիչներն Ախալքալաքում, ինչն իր հերթին ազդում է նաև ապահովագրել չցանկանալու վրա։ Ախալքալաքի մունիցիպալիտետում 2015 թվականից գրասենյակ ունի միայն «Ալդագի» ընկերությունը։ Այս տարի Ախալքալաքում ներկայացուցչություն էր բացել նաև «Նյու Վիժն Ինշուրանս»-ը։
Ջավախքի բնակչության շրջանում գյուղատնտեսական ապահովագրության հարցում ամենաբարձր ակտիվությունը, ըստ գյուղատնտեսության նախարարության, նկատվել է 2017թ.-ին: Դրանից հետո այն նորից անկում է ապրում:
Ինչպես երեւում է Գյուղատնտեսության նախարարության վիճակագրությունից, ծրագրի առաջին տարիներին Ախալքալաքում ավելի շատ օգտատերեր են եղել մինչեւ 2017 թվականը, որից հետո անկում է եղել, որը նկատվում է ամեն տարի։
Նախարարության տվյալներով, Վրաստանում 2014 թվականից ծրագրում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Կախեթում, իսկ խաղողի բերքն ամենաապահովագրվածն է եղել։
Տնտեսագետ և գյուղատնտեսության գծով փորձագետ Սալոմե Գելաշվիլին համարում է, որ ծրագրի արդյունքները կարող էին շատ ավելի լավ լինել: Ճիշտ է, շատ երկրներին, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, 20 տարի է պահանջվել գյուղատնտեսական ապահովագրության մշակույթը զարգացնելու համար, սակայն, եթե Վրաստանում այս ծրագրում ոչինչ չփոխվի, ապա 10 տարի հետո էլ նույն իրավիճակը կլինի։ Փորձագետը գտնում է, որ պետությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը և հատկապես սկսի գնահատման հստակ չափանիշներ սահմանել։