Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առավոտից օդային տագնապի ազդանշան է լսվում Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Կիևում առավոտյան ժամը 06:26-ին միացել է ազդանշանների ձայնը։ Վերջիններից մեկը Անդրկարպատյան շրջանն է, որտեղ տագնապ է հայտարարվել։

Հինգ րոպեի ընթացքում Խարկովում երկու պայթյուն է որոտացել։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ քաղաքի արդյունաբերական թաղամասը հարվածի տակ է։ Խարկովի մետրոն դադարեցրել է աշխատանքը: Բնակչությանը հորդորել են գնալ ապաստարաններ։

Բացի այդ, գիշերը ռմբակոծվել են նաև Միկոլաևի, Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջանները։