Դավիթ Իսպիրյանը քաղաք Երևանից է: Լինելով ընդամենը 25 տարեկան հասցրել է մասնակցել ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին, դիրքերում է եղել նաև սեպտեմբերյան իրադարձություների ժամանակ, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ հարձակում գործել Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքի վրա։

Դավիթի զինվորական պատմությունը սկսվում է 2015 թվականից, երբ նա զորակոչվեց բանակ:

Ընդամենը մի քանի ամսվա զինծառայող է եղել Դավիթը, երբ սկսվել է ապրիլյան քառօրյա պատերազմը: Կռվել է Եղնիկներում՝ «Լեռները չեն ընդունում թույլերին» բատալիոնում:

Պատմում է. «Դիրքերից նոր էինք իջել, երբ թշնամին սկսեց հրետանիով ռմբակոծել հայկական դիրքերը, կռվեցինք մինչև վերջ ու պահեցինք մեր դիրքը, 4 օր անց հաստատվեց հրադադար, բայց 2 ամիս շարունակ մնացել ենք դիրքերում»:

Դավիթը սեպտեմբերի 27-ին լսելով պատերազմի լուրը կամավորագրվում և մեկնում է ռազմաճակատ: Պատերազմի ամբողջ ընթացքում կռվում է Աղդամում (Ակնա) որպես հետախույզ։

Դժվարությամբ է խոսում կռվի մասին:

«Դաժան էր, ամպերի փոխարեն ԱԹՍ-ներ էին երկնքում: Խոցեցի թշնամու ինքնաթիռը, որը բռնկված վիճակում ընկնում էր դեպի մեր դիրքի վրա, բախտներս բերեց, ինքնաթիռն ընկավ մի քանի մետր հեռավորությամբ, և փրկվեցինք»:

Davit

Խոսելով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին, ասում է՝ նոյմեբերի 9-ը ճակատագրական էր, բայց այլ ելք չկար:

Դավիթը 44-օրյա պատերազմից հետո զինվորական ծառայությունը շարունակում է Լաչինի (Բերձոր) ինքնապաշտպանական ջոկատում։ Բայց պատերազմը քայքայում է նրա առողջությունը: Կռվի ժամանակ վնասում է ոտքերը, բժիշկներն ախտորոշում են երակների խցանում: Դավիթը վիրահատվում է, սակայն սոցիալական բարդ պայմանների պատճառով վերականգնողական կուրսը կիսատ է թողնում, և սկսում է առաքիչ աշխատել, ինչը նրան հակացուցված է: Աշխատանքի ժամանակ Դավիթը ավտովթարի է ենթարկվում ու ավելի վնասում ոտքերը, այս անգամ ևս բուժումը կիսատ է թողնում՝ քանի որ դեղերն ու բուժումը բավականին թանկ են եղել:

Արդեն սեպտեմբերի 15-ին Դավիթը կրկին դիրքեր է բարձրանում և կանգնում կռվող տղաների կողքին: Երբ նրան ընկերները հարցնում են ինչպես է իրադրությունը սահմանին, նա միշտ պատասխանում է՝ կապույտ երկինք, պայծառ արև:

Վերջինս ընդամենը մեկ շաբաթ է կարողանում մնալ զինակից ընկերների կողքին, արդեն սեպտեմբերի 22-ին ստիպված է լինում իջնել դիրքերից, քանի որ առողջական վիճակը վատանում է:

Դավիթն այդպես էլ լիարժեք բուժում չստանալով սկսում է նորից աշխատել: Գիշերային հեթափոխով առաքիչ է աշխատում, ինչը հակացուցված է, քանի որ ամբողջ ծանրությունը ոտքերին է ընկնում, բայց ստիպված է, քանի որ վարձով է ապրում և հազիվ կարողանում է ծայրը ծայրին հասցնել:

Հետախույզ Դավիթի հայրը ևս ազատամարտիկ է եղել, նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Հայրը մահացել է, քանի որ պատերազմի ժամանակ ձեռք բերած հիվանդություներն անհամատեղելի են եղել կյանքի հետ:

Մեր հերոսն ամուսնացած չէ, որոշել է՝ ընտանիք կկազմի միայն այն ժամանակ, երբ նորմալ աշխատանք կունենա, կկարողանա ընտանիքը պահել:

Գրիշա Մկրտչյան