Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին գրել է թուրքական Sabah պարբերականը:
Ինչպես նշում է թուրքական պարբերականը, հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես, ինչպես սպասվում է, Էրդողանը Փաշինյանին կառաջարկի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացների հանդիպումներն անցկացնել, հաջորդաբար, Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ երրորդ երկրների տարածքներում։ Բացի այդ, ըստ թուրքական աղբյուրի, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման առաջարկներով:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։
«Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։