«Շատ եմ սիրում Շոպեն, երբ հասակս 1,88 մ դառնա, կամ գուցե 1,89, Վարշավայում կկազմակերպեմ իմ համերգը, ու ուզում եմ միանգամից նվագել Շոպենի բոլոր գործերը, համերգը կտևի մոտ 6-7 ժամ»,- իր ապագայի ծրագրերի մասին կիսվում է ախալքալաքցի փոքրիկ դաշնակահար Արսեն Կարապետյանը, որի հետ մեծ հույսեր են կապում:
Արսեն Կարապետյանը սովորում է հինգերորդ դասարանում, նա 11 տարեկան է, սակայն նրա երազանքները ոչ մանկական են։ Սկզբում նա ցանկացել է դառնալ ծրագրավորող, հետո սկսել հետաքրքրվել երաժշտությամբ, երազել է դաշնամուր ունենալ, ստանում է այն և սկսում իր «թռիչքը» դեպի երաժշտության աշխարհ։ Նրա երաժշտական տաղանդը ծնողները նկատել էին դեռ վաղ տարիքից։
«Լավ լսողություն ուներ, ջութակ, դաշնամուր, կիթառ նվագելու ցանկություն ուներ, հետո ուզում էր սաքսոֆոն նվագել, մանկուց նրան հետաքրքրել են բոլոր երաժշտական գործիքները, բայց քանի որ մեր շրջանում այլ գործիքներ չէին դասավանդում, ընտրեցինք դաշնամուրը: Ամեն տարի նա նամակ էր գրում Ձմեռ պապիկին՝ խնդրելով, որ իրեն դաշնամուր նվիրի: Մեր բախտը բերեց նաև ուսուցչի հարցում, Սվետլանա Կարոյանը կարողացավ Արսենի մեջ բացահայտել տաղանդը»,- հպարտությամբ պատմում է Արսեն Կարպետյանի մայրը՝ Արմինեն։
Արսեն Կարապետյանը ոգևորված պատմում է իր ելույթների, կոմպոզիտորների, և հատկապես Շոպենի մասին։
Նրա առաջին համերգը եղել է 2018 թվականին առաջին դասարանում՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցում։ Արսենը Բորժոմիում մասնակցել է Թենգիզ Ամիրեջիբիի միջազգային մրցույթին, մասնակցել դասական երաժշտության «Ապագայի աստղեր» մրցույթին և արժանացել «Փոքրիկ վիրտուոզ» հատուկ մրցանակին, այս ամառ մասնակցել է Բաթումիի երաժշտության և արվեստի 9-րդ միջազգային փառատոնին։
Նա 2023 թվականին Փարիզում ելույթ ունենալու հրավեր է ստացել։ Իսկ մինչ այդ նա պատրաստվում է մրցույթին, որը կանցկացվի այս տարվա աշնանը, Բորժոմիում։
Արսեն Կարապետյանը Էլիսո Բոլքվաձեի բարեգործական հիմնադրամի կազմում է, որը բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։
Նա ցանկանում է ելույթ ունենալ Լեհաստանում, որտեղ ծնվել է իր սիրելի կոմպոզիտոր Շոպենը։ Նա երազում է Լեհաստանում կամ Փարիզում Ֆրեդերիկ Շոպենի անվան դպրոց կամ կոնսերվատորիա բացելու մասին։
«Որ ստեղծագործությունն ես ամենաշատը հավանում» հարցին նա պատասխանում է՝ «Շոպենը՝ Շոպեն է, նրա բոլոր գործերը»։
Արսեն Կարապետյանն երաժշտությունից զատ ազատ ժամանակ շախմատ է խաղում, նկարում և կարդում։ Նա իր հոր հետ եղել է Ջավախքի գրեթե բոլոր գեղատեսիլ անկյուններում՝ Փարվանա, Սաղամո, Կարծախ, Մադաթափա, Թեթրոբի։ Արսենը խոստովանում է, որ սիրում է առանձնանալ և ցանկանում է լինել ճանապարհորդ, քայլել անտառներով, հետազոտել:
Շատ հարցերի նա պատասխանում է արտասովոր կերպով, երբեմն հումորով, երբեմն խորիմաստ, ոչ մանկական։
«Որն է քո ամենասիրելի ուտեստը» հարցին նա պատասխանում է. «Դեռ նոր եմ սկսում կյանքս, ինչ ամենասիրելի ուտեստ մասին է խոսքը: Դե իսկ մայրիկիս պատաստածներից պիցցան եմ շատ սիրում, ես նրան ասում եմ՝ Ախալքալաքում պիցցերիա բացիր»։
Արսենը երազում է հայտնի դաշնակահար դառնալ, իսկ երբ հայտնի դառնա, ամեն դեպքում կվերադառնա Ախալքալաք, սակայն ոչ թե այստեղ ապրելու, այլ պարզապես այցելելու արդյոք ծնողների տուն։
Արսենի ծնողները, չնայած նրան, որ նա տան միակ զավակն է, պատրաստ են նրան « բաց թողնել» դեպի փառքի ճանապարհ։
Մեր զրույցի վերջում «Փոքրիկ վիրտուոզը» մի ստեղծագործություն նվագեց, որը մեզանից ու իր հարազատներից բացի լսել ու գովել է նաև հայտնի դաշնակահար Պոլինա Ասետինսկայան՝ Ախալքալաքում գտնվելու ժամանակ։