Սեպտեմբերի 29-ի Հայաստանի Կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը շատ ակտիվ աշխատանք է իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։
«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք և ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է նաև, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է․ «Իհարկե, հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, հասկանալի է, որ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից, շարունակած ամբողջ հանրությամբ լարվածությամբ անընդհատ սպասում են լուրերի, և ամեն մի լուր, ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է իրենց կյանքի, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է, այլ կերպ լինել չի էլ կարող»։
Նաև նշել է, որ Հայաստանի ռազմավարական մոտեցումն է, որ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է սկզբունքայնորեն և հետևողականորեն պաշտպանել։
«Ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք։ Առաջին՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդ՝ հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները և այդ ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ, երրորդ՝ ՀՀ ԶՈՒ-երի՝ բանակի հետևողական բարեփոխումներ»,- ասել է նա։