Վերին Լարսով Վրաստան մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիներին սահմանին մի փաստաթուղթ են տալիս, որում մասնավորապես գրված է, որ Ռուսաստանը օկուպանտ է և ագրեսոր,- այս լուրը լայն տարածում է գտել Ռուսաստանից եկողների շրջանում: Jnews-ն այս փաստաթուղթը ստացել է սահմանը հատող ՌԴ քաղաքացուց, ում ներկայացնելով ասել են՝ ստորագրի, հակառակ պարագայում նրա մուտքը Վրաստան արգելվում է:
Այդ փաստաթուղթը JNEWS-ին տրամադրած ՌԴ քաղաքացին ասում է, որ ինքն այդ փաստաթուղթը ստացել է ռուս փաստաբանից, և այդ լուրն արդեն լայն տարածում է գտել Ռուսաստանի այն քաղաքացիների շրջանում, ովքեր մտադրված էին գալ Վրաստան կամ Վրաստանով գնալ Հայաստան։ Արդեն կան մարդիկ, ովքեր մտափոխվել են և ճանապարհի կեսից հետ են դարձել։
JNEWS-ը դիմեց Վրաստանի պարեկային ոստիկանության սահմանային վարչություն, պարզելու՝ արդյո՞ք տեղյակ են այդ փաստաթղթի մասին և ինչքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:
Պարեկային ոստիկանությունից պատասխանեցին հետևյալը. «Սահմանապահը ոչ մի այդպիսի փաստաթուղթ չի տրամադրի անձին, թե ովքեր են տարածում, այդ մասին մենք չենք կարող ասել, սակայն կրկնում եմ, որ սահմանապահը այդպիսի փաստաթուղթ չի տարածի, որտեղ գրված լինի, որ Ռուսաստանը օկուպանտ է: Ձեր զանգից հետո ևս ստուգել ենք և վստահեցնում ենք, որ նման բան չկա»:
Վրաստանի Սահմանային վերահսկողության վարչությունից հետադարձ կապ հաստատեցին JNEWS-ի հետ և խնդրեցին իրեցն ուղարկել այդ փաստաթուղթը:
Թե ի՞նչ նպատակով և ո՞վ է տալիս այս փաստաթուղթը Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիներին ստորագրելու մնում է անհայտ: