Նյութը պատրաստել է մեր գործընկերը՝ Jam-news.net-ը:

Վերջին, սեպտեմբերյան պատերազմական գործողությունները Հայաստանի իշխանությունները որակեցին «չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա» երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Երկու օր անդադար Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Հայաստանի երեք՝ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։ Դրանք կրել են բազմաթիվ վնասներ, տարհանվել է ավելի քան 7 600 մարդ՝ ծերեր, կանայք, երեխաներ: Նրանք ժամանակավոր ապաստան են գտել հանրապետության տարբեր մարզերում։ Այժմ արդեն մտադիր են վերադառնալ տուն, թեև ոչ ոք երաշխիք չունի, որ ստիպված չի լինի ռազմական գործողությունների պատճառով կրկին լքել այն:

Մի կնոջ պատմություն, որը շատերի մասին է․ 35-ամյա Մարիամ Առաքելյանը Ջերմուկ քաղաքից համաձայնվել է պատմել՝ ինչ էր կատարվում՝ սրացման առաջին րոպեներից, ինչպես երկու որդիների հետ ստիպված լքեց իր տունը։ Նա աշխատում է Ջերմուկի միասնական սոցիալական ծառայությունում ու շարունակում է կատարել իր գործառույթները՝ թեև հեռահար, տեղյակ է բոլոր խնդիրներից՝ ոչ միայն իր անձնական փորձով։

«Արդեն կեսգիշեր էր, գիրք էի կարդում: Հանկարծ դրսից ձայներ լսեցինք: Քանի որ Ջերմուկում հաճախ է տարբեր առիթների ժամանակ հրավառություն լինում, առաջին պահին թվաց՝ հրավառություն է: Բայց ամուսինս ինձ ասաց՝ ի՞նչ հրավառություն, արագացրու, երեխեքին արթնացրու, դուրս ենք գալիս։ Չեմ հիշում ոնց ենք հագնվել, երեխաներին ոնց ենք հանել տնից»,- պատմում է Մարիամը:

Նախորդ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ փորձառություն ձեռք բերած ընտանիքն արագ կողմնորոշվել ու րոպեների ընթացքում հասել է այս տարածքի բնակիչների համար նախատեսված ապաստարան:

«Այն ամենը, ինչ տեսա այդ գիշեր, ես տեսել էի միայն ֆիլմերում, տեսանյութերում: Հրթիռների ձայների, լույսերի տակ հասանք ապաստարան: Տուրիստների համար անսովոր իրավիճակ էր։ Չպատկերացնելով, թե ինչ է կատարվում, նրանցից շատերը լուսանկարում էին տեղի ունեցողը։ Ոմանք արտասվում էին, մյուսները հրթիռների ուժեղ ձայներից վեր էին թռչում: Նույնիսկ ապաստարանում հրետակոծության ձայները շատ ուժեղ էին լսվում»,- հիշում է Մարիամը:

Մի քանի ժամ ապաստարանում մնալուց հետո ընտանիքը որոշում է կայացրել երեխաներին դուրս բերել Ջերմուկից հարակից համայնք՝ Մարիամի հայրական տուն:

«Մեքենայի լույսերն անջատած, տագնապային վիճակով, բարձր արագությամբ, շունչներս պահած, համատարած մթության մեջ երեխաներին տեղափոխեցինք: Այդ մղձավանջային գիշերը լուսացրեցինք արթուն, լացուկոծով, հարազատներիս հետ»,- պատմում է նա:

Ժամեր անց Ադրբեջանի կողմից հրետակոծության տարածքն ավելի է ընդլայնվում, հասնում է այստեղ։ Ընտանիքը ստիպված որոշակի ժամանակով տեղափոխվել է նկուղ, ապա՝ տարհանվել ևս մեկ անգամ, մարզի թիկունքային բնակավայրերից մեկը:

«Մարդիկ ունեն ոչ միայն նյութական աջակցության կարիք»

Մարիամն աշխատում է Ջերմուկի միասնական սոցիալական ծառայությունում որպես սոցիալական աշխատանքի ու ծրագրերի բաժնի պետ։ Այժմ գործընկերների հետ համատեղ շարունակում է լուծել համայնքի բնակիչների խնդիրները՝ թեև հեռավար եղանակով ու արտակարգ ռեժիմով: Բուն պարտականություններին ավելացել են նաև տարհանված ընտանիքների կարիքների քարտեզագրման, ուղղորդման ու հնարավոր աջակցությունների տրամադրման կազմակերպման աշխատանքները:

Ասում է՝ տարհանված ընտանիքների կարիքները բազմազան են: Առաջնահերթությունների շարքում են կացարանի, սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի ապահովումը:

Տարհանված ընտանիքների կարիքները գնահատելու ու համակարգված աջակցություն տրամադրելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման էլեկտրոնային հարթակ:

Սակայն, Մարիամի խոսքով՝ նյութական կարիքին զուգահեռ տարհանված ընտանիքներն ունեն հոգեբանական աջակցության կարիք: Այս խնդիրը նկատել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Ու նրա գրասենյակն այժմ զբաղված է հոգեբանների թիմ մոբիլիզացնելով՝ հոգեբանական աջակցության կարիք ունեցող ընտանիքների հետ տեղերում աշխատելու համար:

«Այսօր բոլորիս է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կօգնեն կառավարելի դարձնել մեր հոգեվիճակը: Դա 10 րոպեում լուծելիք հարց չէ, մեկանգամյա հարց չէ»,- համոզված է Մարիամը:

Նրա խոսքով՝ դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաների համար իրավիճակին հարմարվելն առավել ծանր է։ Մայրերն էլ անհանգստացած են, թե նրանց կրթության հարցն ինչպես է լուծվելու:

ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու երիտասարդության նախարարության տվյալներով՝ ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է երկու հանրակրթական դպրոց։ Կրթության իրավունքից զրկվել է 172 դպրոցի թվով 24 873 աշակերտ, նախադպրոցական կրթության հնարավորությունից՝ 69 մանկապարտեզի 5 808 երեխա:

«Ինձ՝ որպես երկու երեխաների մայր, շատ է հուզում այն, որ խախտվել է մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքը, իրենց տանը ապրելու իրավունքն ու էլի մի շարք իրավունքներ։ Դրանք ամրագրված են Հայաստանի օրենսդրությամբ ու միջազգային կոնվենցիաներով։

Ինչ վերաբերում է կրթությանը, այս պահին էլ բոլորս գտնվում ենք անորոշ վիճակում։ Դեռևս հստակ որոշում չկա. կամ պետք է անցնենք հեռավար ուսուցման, ինչն ամենատարբեր պատճառներով ոչ բոլորին է հարմար, կամ սպասենք մեր համայնքներ վերադառնալուն՝ շաբաթ օրերի ուսուցմամբ բաց թողնված դասաժամերը լրացնելու համար»,- ասում է Մարիամը:

 

«Պետք է պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին»

Տուրիստական կենտրոն համարվող հանգստավայրում ապրող Մարիամը շեշտում է՝ քաղաքի բնակիչների համար այս իրավիճակում հայտնվելն անսպասելի է եղել: Ի դեպ, այստեղ են 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո ապաստան գտել շուրջ 2 000 արցախցիներ։ Բայց պատերազմական արհավիրքին ու հետպատերազմյան հոգսերին ու կարիքներին կարծես թե ծանոթ ջերմուկցիները չեն պատկերացրել, որ նման արտակարգ իրավիճակում կհայտնվի իրենց քաղաքը:

«Ճիշտ է, մենք արդեն գիտեինք՝ ուր գնալ, որտեղ պատսպարվել, գիտեինք, որ պետք է հեռախոսներն անջատել, տեղեկատվություն, լուսանկարներ, տեսանյութեր չտեղադրել համացանցում։ Բայց դա, կարծում եմ, բավարար չէ: Մենք պետք է պատրաստ լինենք արտակարգ ամենատարբեր իրավիճակներին: Ընդ որոմ՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։

Արտակարգ իրավիճակներում մեր գերխնդիրը «ի՞նչ անել» չիմանալն է, իրազեկ չլինելը։ Բոլորս առաջնային օգնության պատրաստվածության, նախնական ռազմական պատրաստվածության, պաշտպանական մեխանիզմների, պետական ու ոչ պետական կառույցների համակարգված աշխատանքի մեխանիզմների իմացության ու կիրառման կարիք ունենք: Պետք է ամեն ինչ, ամեն քայլ համակարգված լինի, յուրաքանչյուր անհատ ու յուրաքանչյուր կառույց պետք է հստակ իմանա իր անելիքը»,- կարծում է Մարիամը:

Տարհանված բնակիչները, նրա խոսքով, այսօր մեկ սպասում ունեն՝ խաղաղության ու անվտանգության ապահովում, ինչը թույլ կտա օր առաջ վերադառնալ իրենց տներ․

«Յուրաքանչյուր ջերմուկցու ակնկալիքն այսօր պետությունից, միջազգային կառույցներից ու գերտերություններից մեկն է՝ ստեղծել անվտանգության երաշխիքներ, առաջին հերթին, երեխաների համար: Ջերմուկի բնակիչները արարող, ստեղծող մարդիկ են։ Ապահով պայմանների դեպքում քաղաքը կրկին կշենացնեն»:

Մարիամն ասում է՝ Ջերմուկը զինվորական քաղաք չէ, Ջերմուկը ջերմ, հյուրընկալ, զբոսաշրջային, հանդարտ հանգստավայր է, որտեղ մարդիկ ողջունում են միմյանց նույնիսկ չճանաչելու դեպքում:

Հիմա, երբ այստեղ հարաբերականորեն հանդարտ վիճակ է, նա որոշել է վերադառնալ տուն, լինել ամուսնու կողքին, սահմանները պաշտպանող բնակիչների ու զինվորների կողքին: Միայն թե դեռ չի համակերպվում դատարկված, տխուր տեսքով քաղաքում ապրելու մտքի հետ․

«Քաղաքիս տեսքը, տուրիստների ու բնակիչների բացակայությունն այնքան ճնշող է: Դա նման է սարսափ ֆիլմի: Հյուրընկալ, ջերմ Ջերմուկի փողոցները դատարկ են»:

Ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկն ու սահմանամերձ մի շարք համայնքներ կրել են բազմաթիվ նյութական վնասներ: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն վնասվել են շուրջ 200 մասնավոր տներ ու կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմինների մասնաշենքեր, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։

Մարիամը լավատեսորեն է տրամադրված, կարծում է՝ ամեն բան կարելի է հաղթահարել․

«Ինչ էլ լինի, մենք շարունակելու ենք ապրել Ջերմուկում, շարունակելու ենք պաշտպանել մեր հողը, մեր տունը, մեր հայրենիքը»:

Նյութի հեղինակ՝ Գայանե Սարգսյան