Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է կոնկրետ գործերի վերաբերյալ որոշումներ, որոնք ընդունվել են սեպտեմբերի 20-ից 22-ը տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների և որոշումների կատարման վերահսկման նպատակով։ Նիստի ընթացքում Նախարարների կոմիտեն ընդունել է 31 որոշում 19 անդամ պետությունների վերաբերյալ, ներառյալ միջանկյալ բանաձևերը «Մամադլին ընդդեմ Ադրբեջանի» և «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (I) գործերի վերաբերյալ:

Ստրասբուրգում հանդիպման մասնակիցները կրկին կոչ են արել Մոսկվային փոխհատուցել ՌԴ զանգվածային արտաքսման ենթարկված մարդկանց վնասը։

«Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն խորապես ափսոսում է Ռուսաստանի իշխանությունների արձագանքի բացակայության համար Կոմիտեի ավելի վաղ կոչերին՝ կատարելու «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (I) գործով Եվրոպական դատարանի որոշումը Վրաստանի քաղաքացիների 2006-2007թթ.-ին ձերբակալության, կալանավորման և կոլեկտիվ վտարման առնչությամբ: Նա կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին վճարել Վրաստանի Կառավարության «արդարացի փոխհատուցումը»։

Հրապարակված միջանկյալ բանաձևում Նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ չնայած 2022 թվականի մարտի 16-ին Եվրախորհրդին անդամակցության կասեցմանը, Ռուսաստանի Դաշնությունը դեռևս պարտավոր է կատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները։ Ստրասբուրգը կրկին շարունակում է վերահսկել դրանց կատարումը։ Կոմիտեն խորը ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ մինչ հանդիպումը Ռուսաստանի իշխանությունների կողմից որևէ տեղեկություն չի տրամադրվել։

«2019 թվականի արդար փոխհատուցման իր վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ռուսաստանը երեք ամսվա ընթացքում պետք է Վրաստանի Կառավարությանը վճարի 10 միլիոն եվրո՝ որպես առնվազն 1500 Վրաստանի քաղաքացիների խմբին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Եվրադատարանը նաև որոշում է կայացրել, որ Վրաստանի Կառավարությունը պետք է ստեղծի առանձին զոհերին գումարները բաշխելու արդյունավետ մեխանիզմ»:

Նախորդ նիստում Նախարարների կոմիտեն ևս մեկ անգամ հայտնել էր իր խորը մտահոգությունը, որ նույնիսկ ժամկետի ավարտից ավելի քան երեք տարի անց վնասը դեռ չի փոխհատուցվել։ Ստրասբուրգում այդ ժամանակ ընդգծել էին, որ «արդար փոխհատուցման վճարումն անվերապահ պարտավորություն է հանդիսանում»։

Կոմիտեն կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին փոխհատուցումը վճարել՝ հաշվեգրված տոկոսների հետ միասին՝ առանց հետագա ուշացումների։ Այս գործի քննումը կվերսկսվի 2022 թվականի դեկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում։

Նշենք նաև, որ ընթացիկ նստաշրջանի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեն նաև որոշել է կատարել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (II) գործով որոշումը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հոկտեմբերին։ Խոսքը վերաբերում է 2008 թվականի օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև զինված հակամարտության համատեքստում տարբեր խախտումներին։

SovaNews