Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ի պաշտպանություն Հայաստանի և ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի տեղի ունեցած երթի մասնակիցները ճնշումների են ենթարկվել Վրաստանի ոստիկանության և հատուկ ծառայությունների կողմից, որոնք պնդում էին դադարեցնել ակցիան, ինչի համար նրանք դիմեցին մասնակիցների ձերբակալությանը։ Ինչու՞ է անհնար աջակցել Հայաստանին Վրաստանում, դրա հետ մեկտեղ օգտվել հավաքների ազատության իրավունքից, և, ի՞նչ պետք է անեն իշխանությունները՝ սեփական երկրում խաղաղությունը պահպանելու համար…

Սեպտեմբերի 18-ին, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ բողոքի ցույց են անցկացրել սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական էսկալացիայի դեմ։ Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչները կանխել են քայլերթի մասնակիցների երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն։

«Այն պատճառով, որ տեղի չունենա սադրանք: Ձեր անվտանգության համար: Ձեզ պաշտպանելու համար մենք սահմանափակում ենք ձեր երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն»,- ասում էին ոստիկանները՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու իրենց թույլ չեն տալիս խաղաղ երթ իրականացնել։

«Վրաստանի հայ համայնքի» ղեկավար Արթուր Միրզոյանի խոսքով՝ ակցիան ինքնաբուխ է եղել՝ սոցցանցերում «Հանուն Հայաստանի համախմբվելու և բողոքի ձայն բարձրացնելու» կոչերի արդյունքում։

«Ոստիկանության հետ երկար վիճաբանությունից հետո, երբ պարզվեց, որ ոստիկանությունը հրահանգ է ստացել չթողնել երթի մասնակիցներին շարժվել դեպի Ադրբեջանի դեսպանատուն։ Ես փորձեցի կազմակերպել երթի մասնակիցներին և շարունակել երթը դեպի Վրաստանի ԱԳՆ-ի շենք։ Սակայն ինձ նման հնարավորություն չտրվեց, ինձ ձերբակալեցին երթի մեկ այլ մասնակցի հետ»,- պատմում է Արթուր Միրզոյանը։

Արդյունքում ոստիկանությունը ձերբակալեց «Վրաստանի հայ համայնքի» 5 ակտիվիստի։ Մնացածները ուղղվեցին դեպի Վրաստանի խորհրդարանի շենք՝ վանկարկելով «Ալիև, հեռացի՛ր», «Ադրբեջանն ագրեսոր է» և այլ վանկարկություններ։ Մասնակիցները ծածանում էին Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի դրոշները։

Ակցիայի մասնակից Աննա Սարգսյանի խոսքով՝ ոստիկանների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ավելի շատ էին, քան ցուցարարները։

«Մենք հավաքվեցինք Հավլաբարում՝ եկեղեցու մոտ, իջանք Մեյդանի հրապարակ, մինչև կամուրջ։ Այնտեղ նույնպես բավականին մեծ թվով ոստիկաններ կային։ Նրանց մի մասը մեզ շրջապատեց այնպես, որ մենք չկարողանանք առաջ շարժվել։ Մեզ հետ տարեց կանայք, երեխաներ, երիտասարդ աղջիկներ կային։ Վիճաբանությունը տեւեց 15-20 րոպե։ Դրանից հետո ոլորեցին մասնակիցների ձեռքերը, որոնց հետևում էին մարդիկ։ Եվ նստեցրին ոստիկանական մեքենաները, որոնք հրապարակում էին։ Մենք շատ քիչ էինք, առավելագույնը 20 հոգի։ Դրանից հետո միայն աղջիկներով մնացինք, մի կին վատացել էր, որի որդուն տարել էին ոստիկանները։ Սպասեցինք շտապօգնության գալուն, հետո որոշեցինք գնալ խորհրդարանի մոտ։ Թույլ չտվեցին բարձրանալ Լեսելիձեով, շրջանցիկ ճանապարհով հասանք խորհրդարան, այնտեղ ակցիան տեւեց մոտ կես ժամ՝ ոստիկանների, հատուկ ծառայությունների ուղեկցությամբ»,- պատմում է բողոքի ակցիայի մասնակից Աննա Սարգսյանը։

Ցույցը տևեց այնքան ժամանակ, մինչև մասնակիցները լսեցին իրենց 5 ձերբակալված մասնակիցների ազատ արձակման լուրը։

Քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով, Վրաստանի ոստիկանության և հատուկ ծառայությունների նման պահվածքը գալիս է իշխանությունների թուլությունից, որոնք այժմ ստիպված են աշխատել երկու համայնքների հետ՝ հայկական և ադրբեջանական։

«Մենք նման ՀԿ-ների մի խումբ ունենք, որոնք ուղղված են ազգամիջյան երկխոսությանը և այլն: Կարծում եմ, որ հիմա նրանք պետք է հայերին ու ադրբեջանցիներին հավաքեն ու նրանց հետ աշխատեն այստեղ՝ ներսում, որպեսզի վիճելու առիթներ չլինեն։ Որովհետև մենք միշտ նույն բանն ենք ասում։ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրում։ Միգուցե իշխանությունները վախենում են, մեր իշխանությունները հիմա վախենում են ամեն ինչից… Իսկ վախենալու փոխարեն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են երկրում անվտանգությունն ապահովելու համար»,- ասում է քաղաքագետը։

Գելա Վասաձեն կարծում է, որ Վրաստանի դերը պատերազմի մեջ գտնվող հարեւան երկրների միջև խաղաղության վերականգնման գործում կարող է նշանակալի լինել, այդ թվում՝ Վրաստանի ներսում գտնվող համայնքների օգնությամբ։

«Մեր հայերը, մեր ադրբեջանցիները ոչ մի դեպքում չպետք է բախվեն միմյանց հետ։ Նկատի ունեցեք, որ այս երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա վերականգնման ողջ հույսն իրականում ոչ թե Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ որևէ այլ տեղ ապրող հայկական և ադրբեջանական սփյուռքի վրա է, այլ այստեղ։ Մենք սփյուռք չունենք, մենք այստեղ համայնք ունենք։ Էթնիկ վրացի, էթնիկ հայ, էթնիկ ադրբեջանցի, մենք բոլորս մեկ երկրի քաղաքացիներ ենք։ Հասարակության վերաբերմունքը նույնիսկ իր նկատմամբ, ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլ նաև իր նկատմամբ։ Սա նշանակում է իշխանության ծայրահեղ անարդյունավետությունը»,- ասում է Գելա Վասաձեն։