Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ ապրում է ոչ ժողովրդավարական երկրում, ասվում է Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հարցման մեջ:
«Ձեր կարծիքով՝ այժմ Վրաստանում ժողովրդավարությո՞ւն է տիրում» հարցին՝ հարցվածների 62%-ը պատասխանել է «ոչ»։ 30%-ն ընտրել է «այո» պատասխանը։ Մնացածը դժվարացել են պատասխանել։
NDI-ի տվյալներով՝ Վրաստանը ոչ ժողովրդավարական պետություն համարող քաղաքացիների թիվը 12 տարվա ընթացքում հասել է պատմական առավելագույնին։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2020թ.-ին: Այդ ժամանակ հարցվածների 60%-ից մի փոքր պակասը համաձայնել էր, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր չէ: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին նրանց թիվը չի գերազանցել 45%-ը։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանի գրեթե բոլոր քաղաքացիները ցանկանում են ապրել ժողովրդավարական երկրում։ Ընթացիկ հարցման մասնակիցների 92%-ը նշել է, որ դա իրենց համար կարևոր է։
«Ի՞նչ է ձեզ համար ժողովրդավարությունը» հարցին պատասխանելիս հարցվողները կարող էին ընտրել մի քանի տարբերակ: 44%-ն ընտրել է «խոսքի, լրատվամիջոցների, կարծիքի ազատությունը», 38%-ը՝ «օրենքի առջև հավասարությունը», 33%-ը՝ «մարդու իրավունքների պաշտպանությունը», 16%-ը՝ «զբաղվածությունը»։
Հարցվածների 44%-ը կարծում է, որ Վրաստանը սխալ ուղու վրա է։ 23%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է, և նրա ուղղությունը ճիշտ է։ Եվս 29 տոկոսն ընտրել է «Վրաստանն ընդհանրապես չի փոխվում» տարբերակը։
NDI-ի հարցումն անցկացվել է հուլիսի 14-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելի քան 2,1 հազար մարդու Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում հարցազրույց է անցկացվել հեռախոսով։ Արդյունքների սխալման շեմը +/- 2% է: