Երեկ երեկոյան, Ախալքալաքի բնակիչներ Ավետիսյան ամուսինները գտնվում էին Ջերմուկում, երբ այնտեղ հնչեցին կրակոցների և պայթյունների ձայները։ Նրանք լուսադեմին հեռացան այնտեղից՝ զգալով պատերազմի սարսափն իրենց մաշկի վրա։

«Կյանքում չէի տեսել և չէի զգացել նման բան: Մենք շատ վախեցած էինք, սարսափելի կրակոցներ էին, պայթյուններ: Քնած էինք: Ուղիղ գիշերվա ժամը 12-ն էր, երբ հնչեցին առաջին կրակոցները»,- պատմում է Ռոզա Ավետիսյանը:

Ռոզա և Ռուդիկ Ավետիսյանները 11 տարի անընդմեջ տարին մեկ անգամ հանգստանում են Ջերմուկի առողջարաններում։ Իրենց հյուրանոցում և ամբողջ Ջերմուկում իրադարձությունների նման զարգացման ոչ ոք չէր սպասում։

«Ինչ-որ մեկն արդեն քնած էր, ինչ-որ մեկը՝ հեռուստացույց էր նայում: Մենք իջանք ներքև, ոմանք գիշերազգեստով, ոմանք շորտերով: Հետո, երբ կարծես թե հանդարտվեց, բոլորը բարձրացան իրերը հավաքելու: Հետո նորից պայթյուն, մենք նորից իջանք բուժման սենյակ, ամենուր լույսն անջատեցին, վերելակներն անջատեցին, աստիճաններով իջանք բուժական սենյակ՝ սանդուղքով զրոյական հարկ: Գիշերը ժամը 12-ից մինչև առավոտյան 6-ը սարսափելի իրավիճակ էր»:

Լուսադեմին Ավետիսյաններն անմիջապես հեռացել են իրենց մեքենայով, չնայած այն հանգամանքին, որ վճարել էին մնալու 20 օրվա համար՝ մինչև սեպտեմբերի 20-ը։ Ճանապարհին տեղ-տեղ մեքենան վարել էին շրջանցիկ ճանապարհներով, քանի որ գլխավոր ճանապարհը փակ էր։ Բազմաթիվ կամավորներ էին գալիս նրանց ընդառաջ, ինչպես պատմում է Ռոզա Ավետիսյանը:

«Հիմա ես ինքս իմ վրա զգացի, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ստիպված են լքել իրենց տները և հեռանալ: Մենք ընդամենը մի քանի շոր ունեինք, փորձեցինք հավաքել ամեն ինչ, ոչինչ չթողնել, շատ ծանր էր: Իսկ այս մարդիկ, ովքեր պետք է թողնեն այն ամենը, ինչ կուտակել են ամբողջ կյանքի ընթացքում, կառուցել են, սարսափելի զգացողություն է: Ճիշտ է, ես նրանց հասկանում էի նախկինում էլ, բայց այսօր ինձ այլ կերպ էի զգում»:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, հերքել է ՀՀ ՊՆ հայտարարությունը` նշելով, որ հայկական զինուժը լայնածավալ սադրանքներ է իրականացրել Դաշքեսանի, Քալբաջարի և Լաչինի ուղղությամբ։