Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր «ծայրահեղ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ»։
«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան։
Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի եւ Երեւանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան եւ ՀԱՊԿ-ի գծով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Ակնկալում ենք, որ սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 09:00-ից Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով։
Դարձյալ ելնում ենք նրանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանների հետ կապված մասով՝ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։