Այսօր` սեպտեմբերի 11-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը։ Վաղ առավոտյան, Նինոծմինդայից տասնյակ հավատացյալներ հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ ուղևորվեցին դեպի Մեծ Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցի։
Մոտ 10կմ ձգվող ճանապարհը ուխտավորները ոտքով անցան, ընթացքում մտածելով, վերհիշելով՝ կամա թե ակամա կատարած մեղքերը, աղոթքի միջոցով խոսելով Աստծո հետ և ապաշխարություն խնդրելով։
Այնուհետև եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ:
Արագյալը Նինոծմինդայի շրջանի միակ գյուղն է, որն ունի Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցի:
Խաչի վեհացման տոնը նաև գյուղի տոնն է։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությունը Տեր Արմաշ քահանա Պողոսյանը կազմակերպում է ամեն տարի:
Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյաց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում: