Մյասնիկյան փողոցում՝ Ախալքալաքի տոնավաճառի հետնամասում գտնվող աղբարկղերը տևական ժամանակ է խնդիրներ են առաջացնում դրա դիմացի տների բնակիչների համար։ Նոր աղբամանները կոտրվել էին և դրանց փոխարեն տեղադրվել էին առանց կափարիչների աղբամաններ, ինչի հետևանքով շները անընդհատ աղբն այս ու այն կողմ են թափում՝ ամբողջ փողոցով մեկ։ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում խոստանում են հնարավորության դեպքում հին աղբամանները փոխել նորերով, որոնք կունենան կափարիչներ։
Փողոցի բնակիչների խոսքերով՝ տարածքի բոլոր շները հավաքվում են, և աղբամանների մեջ կեր փնտրում։ Բացի այդ, նշված տարածքում մի քանի թաղամասի կտրվածքով աղբարկղներ կան միայն տոնավաճառի հետևում. և Ջավախեթյան, և Մյասնիկյան և Թիֆլիսյան փողոցների բնակիչներն օգտվում են այդ աղբարկղներից։
«Այստեղ երեկոյան ժամերին գետնին միշտ աղբ է թափված։ Այստեղ միս ու ոսկորներ են գցում, շները բարձրանում են ու աղբը տարածում ամբողջ փողոցով, իսկ ձմռանը նույնիսկ առնետներ են դուրս գալիս այնտեղից։ Աղբամանները միշտ բաց են: Եվ դրանք իմ տանն ավելի ու ավելի են մոտեցնում, ահավոր հոտ է»,- ասում է Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկը։
«Առավոտյան մի կին ավլում է, բայց դե ոչ շատ մանրակրկիտ, սակայն ավլել մենք ինքներս էլ կարող ենք, դա դեռ ոչինչ։ Բայց այս աղբամանները մեզ շատ խնդիրներ են առաջացնում: Հոտած միս, ոսկորներ, բոլոր շներն այստեղ են։ Բոլորս գիտենք, թե քանի շուն կա Ախալքալաքում։ Երեք փողոցի աղբը հավաքվում է մեզ մոտ»,- մեկնաբանում է մեկ այլ բնակչուհի։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով՝ տոնավաճառի հետևում գտնվող աղբամանները մաքրվում են օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Այնուամենայնիվ, աղբը, միևնույն է, կուտակվում է, և հարևան թաղամասերում հնարավոր չէ լրացուցիչ աղբամաններ տեղադրել՝ բնակիչները թույլ չեն տալիս աղբամաններ տեղադրել իրենց տների դիմաց։
«Քաղաքի ստորին հատվածում` Ջավախեթյան փողոցում, մենք աղբամաններ էինք տեղադրել, բայց բնակիչները եկան ինձ մոտ և պահանջեցին, որ դրանք հանենք, որպեսզի դրանք իրենց տների մոտ չլինեն։ Տոնավաճառի հետևում գտնվող հին աղբարկղերի կափարիչները նույնպես բնակիչներն են կոտրել, նրանք շատ անփութորեն են վերաբերվում դրանց»։
Ռստակյանը հավելեց նաև, որ Սպասարկման կենտրոնը պետք է ստանա նոր աղբամաններ, և դրանք ստանալուց հետո, հնարավորության դեպքում, տոնավաճառի հետևի առանց կափարիչների հին աղբամանները կփոխարինեն նորերով։