Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Շախբեկյանը, ընտանեկան բիզնեսի ընդլայնման համար, մասնակցել է ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում, LAG-ի (Տեղական զարգացման խումբ) դրամաշնորհային մրցույթին, և շահել դրամաշնորհ: Այսօր ձեռագործ կաշվե իրերի արտադրությունն առաջադիմել է, բայց հետագա զարգացման համար բիզնեսը բախվել է որոշ մարտահրավերների:

Հաղթած նախագիծը կազմել է 22 500 լարի։ 9500 լարին ընդհանուր գումարից անձամբ դիմորդի ներդրումն է, մնացածը՝ դրամաշնորհը։ Շախբեկյանների կաշվե իրերի բիզնեսը դրամաշնորհ ստանալուց հետո զարգանում է, բայց արտադրական մակարդակի հասնելու համար աշխատողներ չեն կարողանում գտնել, ներբաններ գցելու հաստոց ևս չեն կարողանում ձեռք բերել։

Դրամաշնորհի չափով Շախբեկյանները ձեռք են բերել բարտո կարի հաստոց, փորագրման կարի մեքենա, կարգի են բերել արտադրամասը, մասնավորպես՝ կառուցել են սանհանգույց, անց են կացրել ջեռուցման համակարգ։

«Մենք գոհ ենք, դրամաշնորհ ստանալուց հետո ունենք առաջընթաց, պատվերներն այնքան շատ են, որ նույնիսկ չենք հասցնում։ Ծրագիրը մեզ համար խթան հանդիսացավ։ Մենք ձեռքով ենք աշխատում, հիմա մեզ շրջակարի մեքենա է հարկավոր, ու այդ ժամանակ կկարողանանք օրական մոտ 30 զույգ կոշիկ կարել։ Խնդիրներից մեկն էլ աշխատողների հարցն է, չենք կարողանում աշխատող գտնել»,- ասում է Վաղարշակ Շախբեկյանը։

Աշկերտներ ունեին, բայց ում մոտ լավ էր ստացվում՝ սովորեցին ու գնացին, իսկ մյուսները պարզապես չկարողացան տիրապետել այս արհեստին։

Վաղարշակ Շախբեկյանը կարծում է, որ աշկերտների ուսուցման համար առանձին ծրագիր է պետք:

«Սովորեցնելու ընթացքում աշկերտները, միևնույն է, կաշին փչացնում են, իսկ եթե վերապատրաստման առանձին նախագիծ լինի, բիզնեսը չի տուժի»,- ասում է նա։

koshik2

Շախբեկյանները սերնդներով եկած կոշկակարներ են: Այս գործով զբաղվել են Վաղարշի պապը՝ Արմինակը, հայրը, եղբայրը, արդեն նաև կինը՝ Հասմիկը։ Նա ուզում է, որ որդին էլ շարունակի գործը, բայց նա դեռ փոքր է, չի կողմնորոշվում:

Շախբեկյանների ընտանիքը ցանկանում էր ընդլայնել ու ավելացնել արտադրության շրջանառությունը, դա նրանց հաջողվեց: Վաղարշակը ինքն է մոդելավորում, կարում, ամբողջ արտադրությունը ձեռքով է անում, Հասմիկն էլ օգնում է։ Կարում են կանացի և տղամարդու կոշիկներ, երկարաճիտ կոշիկներ, կիսաճտքավոր կոշիկներ, պատրաստում կաշվե գոտիներ, դրամապանակներ և այլ կաշվե իրեր։

koshik1

Վաղարշակը հիմա կարում է պատվերով, բայց արդեն պատրաստվում է կարել վաճառահանման համար։

«Որ գան արհեստանոց, տեսնեն, առնեն»:

Բայց մինչ օրս չի ստացվում, քանի որ չի գտնում աշխատողների, ովքեր արհեստը տիրապետելուց հետո կմնային իր մոտ ու կաշխատեին։

Շախբեկյանն ասում է, որ իր կոշիկները կարելի է կրել երեք սեզոն ու հավելում.

«Կաշվե կոշիկները չպետք է կորցնեն իրենց տեսքը և մաշվելուն զուգընթաց պետք է ավելի գեղեցկանան»:

Նրա արտադրանքի գնորդները հիմնականում տեղացիներն են, թեպետ պատվերներ ունի նաև Թբիլիսիից և արտերկրից։ Միջին գինը 150-200 լարի է։ Նրա մոտ կոշիկներ են պատվիրում այն մարդիկ, ովքեր ունեն խնդրահարույց ոտքեր (մեծ չափսեր, տարբեր խնդիրներով ոտքեր)։

kosjik2

Վաղարշակ Շախբեկյանի խոսքով, եթե ձեռքով արտադրությունից անցնեն մեքենայացված արտադրության, ապա կոշիկի, կաշվե իրերի գինը կարող է նվազել: