Ախալքալաքում մեքենա վարել սովորելու հնարավորություն չկա: Շատերը գնում են Ախալցիխե՝ քննություն հանձնելու մանևրներ սովորելու նպատակով հատուկ հարթակում, իսկ հետո իրական պայմաններում քաղաքում, սակայն նման ֆինանսական և ժամանակային ծախսերը մատչելի չեն բոլորին, ովքեր ցանկանում են վարորդական իրավունք ստանալ։
Այս տարվա ապրիլի 1-ից Վրաստանում փոխվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու կանոնները, տեսական թեստին և գործնական քննությանը հատուկ ավտոհարթակում ավելացել է վարորդական իրավունքի քննությունը քաղաքում՝ իրական պայմաններում։
Ախալքալաքում ընդունված է տղաներին մեքենա վարել սովորեցնել մանուկ հասակից, արական սեռի բնակչության մեծամասնությունը վկայական է ստանում չափահասության տարիքը լրանալուն պես։ Դե իսկ այժմ ճանապարհներին ղեկին հաճախ կարելի է հանդիպել աղջիկների։ Եթե տղաների դեպքում ծնողները պատրաստ են խախտել օրենքը և իրավունք չունենալով թույլ տալ նրանց վարել քաղաքում, ինչը հեշտացնում է իրավունքը ստանալու համար նախատեսված քննությունը հանձնելը, ապա աղջիկների դեպքում դա այդպես չէ։ Աղջիկները կարող են վարել միայն այն դեպքում, եթե իրենց ձեռքին ունեն վկայական: Պատճառն Ախալքալաքում ավտոդպրոցի բացակայությունն է։ Վրաստանի բոլոր ավտոդպրոցները մասնավոր «ՍՊԸ» են հանդիսանում, ուստի ավտոդպրոց բացել ցանկացողներ կարող են նույնիսկ չլինել։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունը պահանջում է 3 քննություն հանձնել, բայց չի տրամադրում տեղ, որտեղ կարող ես գործնականում վարել սովորել։
«Ընտանիքի հայրերը մեզ մոտ սովորաբար խոպանում են, սովորեցնող չկա: Հետևաբար լավ կլիներ, որ կարողանայինք սովորել և քննություններ հանձնել տեղում: Ոչ ոք իր մեքենան չի տա ու ասի՝ գնա սովորի՛ր։ Իսկ եթե վարել սովորելու հնարավորություն լինի, ապա փողը կտաս ու վերջ, որպեսզի ոչ ոքի չխնդրես։ Ամուսինս Ռուսաստանում է, ես պիտի սպասեմ, որ տղաս մեծանա, որ նա քշի: Հազար ու մի գործ կա, առանց մեքենայի ամեն ինչ դժվար է հասցնել», – ասում է Ախալքալաքի բնակչուհի Չ.Կ.-ն։
Տարբեր տարիքի Ախալքալաքի բնակիչները վստահեցնում են, որ եթե լինի կահավորված ավտոդպրոց, որտեղ իսկապես կսովորես քաղաքում մեքենա վարել, շատերը կցանկանան սովորել տեղում, ստիպված չեն լինի գնալ այլ վայրեր կամ վարորդական իրավունքը «գնել» այլ երկրներում:
«Մեխանիկայի վրա մի քիչ քշել գիտեմ, եթե մեքենա վարել սովորելու համար տեղ լինի, ապա ես հաճույքով կհանձնեմ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունը։ Ինձ շատ է դուր գալիս, երբ աղջիկները, կանայք են ղեկին։ Միշտ հաճելի է նայել։ Նախկինում, կին վարորդներին ծուռ աչքով էին նայում, բայց վերջին 2 տարվա ընթացքում ամեն ինչ փոխվել է: Գյուղերում անգամ աղջիկները սկսել են մեքենա վարել: Քշում են հարսները»,- ասում է Լիանա Էլիզբարյանը։
Ավտոդպրոցի տնօրեն Մաքսիմ Գիլոյանի խոսքով, Ախալքալաքում կանանց շրջանում վարորդական իրավունք ստանալու համար պարապմունքների նկատմամբ պահանջարկը շատ ավելի մեծ է, քանի որ տղամարդիկ ինքնուրույն են սովորում։ Սակայն մի քանի ամիս է, ինչ ավտոդրոմը չի գործում, քանի որ «Դոսաֆը», ինչպես հին ձևով անվանում են ավտոդպրոցը, չունի տարածք, որտեղ կարելի է վարել սովորել։
«Մեր ավտոդրոմն ավտոդպրոցի շենքի հետևում էր, բայց այս հատվածը ոստիկանությունը փակեց, մենք գործնականում ավտոդրոմ չունենք: Մենք տեղ գտանք և վարձակալության պայմանագիր կնքեցինք, սա սեփականություն է, քանի որ այլևս հնարավոր չէ հույս դնել պետական տարածքների վրա: Փաստաթղթերը պատրաստ են, մենք ամեն ինչ պատրաստվում ենք ցույց տալ սպասարկման գործակալությանը, որը մեզ մոտ է գալու ուրբաթ օրը, և այն կուղարկենք վարչություն, որպեսզի հնարավորություն ունենանք գործնական պարապմունքներ անցկացնելու, քանի որ մենք ունենք մեքենա, 2-3 համակարգիչ, ինտերնետ»,- ասում է նա։
Սակայն եթե նույնիսկ Ախալքալաքում հայտնվի ավտոդրոմով հագեցած ավտոդպրոց, միևնույն է կա ևս մեկ խնդիր, որը կարող է լուծել միայն պետությունը: Շրջանում ուսումնական մեքենա վարելը թույլատրվում է միայն Ախալցիխեում։ Երեք մունիցիպալիտետների (Նինոծմինդա, Ախալքալաք, Ասպինձա) բնակիչները պետք է հասնեն Ախալցիխե՝ հանձնելու քննության երրորդ մասը՝ իրական պայմաններում վարելու մասը, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։
«Քաղաքում մեքենա վարել չի թույլատրվում սովորեցնել ո՛չ Ախալքալաքում, ո՛չ Նինոծմինդայում, ո՛չ Ասպինձայում: Երբ քննությունները փոխեցին, ես հետաքրքրվեցի, թե ինչպես են ախալքալաքցիները հանձնելու այս քննությունը, ինձ ասացին, որ «մեր քաղաքում դրա հնարավորությունը չկա»: Ախալցիխեում կարելի է հանձնել, նաև Գորիում: Շատերը, ում գիտենք, լավ վարել գիտեն, բայց այս քննությունը տապալում են, ինչն է պատճառը, դեռ պարզ չէ, երևի քաղաքում վարելը նորություն է»,- ասում է Մաքսիմ Գիլոյանը։
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են պատրաստ վարորդական իրավունք ստանալու նպատակով մեծ գումար և ժամանակ ծախսել այլ քաղաք մեկնելու համար, իսկ ձախողման դեպքում՝ մեկից ավելի անգամ մեկնել Ախալցիխե։
«Պարզ է, որ վարորդական իրավունք պետք է վերցնել: Լավ է գոնե, որ կարող ես տեղում տեսական թեստը հանձնել, վարելու մասն էլ, բայց ինչո՞ւ պետք է գնաս Ախալցիխե վարորդական քննությունը քաղաքում հանձնելու համար: Ջավախքում ինչո՞ւ հնարավորություն չունենք վարել սովորել ու քշել քաղաքում»,- ասում է Ախալքալաքի բնակիչը, ով չցանկացավ իր անունը տալ։
Jnews-ին ՆԳՆ Սպասարկման գործակալությունից հայտնեցին, որ այս քննությունը կարող է հանձնվել միայն այն քաղաքներում, որտեղ կան Գործակալության սպասարկման կենտրոններ։ Ախալքալաքում այն չկա և շաբաթը միայն մեկ անգամ՝ ուրբաթ օրը, գործակալության աշխատակիցները գալիս են Ախալցիխեից, այդ օրը հերթեր են գոյանում Ախալքալաքի քննությունների հանձնման վայրում։
«Այս պահին նման տեղեկություն չունենք, որ Ախալքալաքում սպասարկման կենտրոն է բացվում, մեր ներկայացուցիչներն այնտեղ են միայն ուրբաթ օրերին: Ավտոդպրոցները պետական չեն, մասնավոր են: Եթե մասնավոր ավտոդպրոցը պայմանավորվածության գա Պարեկային ոստիկանության հետ, ապա նրանք հնարավորություն կունենան սովորեցնելու»,- պատասխանեցին ՆԳՆ սպասարկման գործակալությունում։
Ախալքալաքում ՆԳՆ ծառայության գործակալության պլանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար Jnews-ը դիմել է գործակալությանը, պատասխանը կհրապարակվի հաջորդ հոդվածում։