Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար տեղական բյուջեից 179 313.86 լարի է հատկացվել, որի շրջանակներում ամբողջ շենքը կապիտալ կվերանորոգվի, ինչպես նաև ընդհանուր ջեռուցման համակարգ կանցկացվի: Այդ աշխատանքերն ընթացքի մեջ են:
Մինչ այս, թիվ 3 մանկապարտեզը հիմնանորոգվել է նաև 2016 թ.-ին: Այդ ժամանակ ծախսվել էր 97 900 լարի, այնուհետև՝ երկրորդ անգամ վերանորոգվել է 2019 թվականին, ծախսվել էր 74 900 լարի։
Արդեն 20-25 օր է ինչ հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, որն իրականացնում է «Ինտեր» ՍՊՀ-ն: Ընկերության տնօրեն Սամվել Ռաիսյանի խոսքով, նույնիսկ նախատեսվածից շուտ կավարտվեն աշխատանքները:
Jnews-ը խոսել է շինարարության վրա աշխատողների հետ, նրանցից մեկի խոսքով, այս պահին պատերի ներկման և հատակի փոխման աշխատանքներ են տարվում:
Իսկ ու՞ր են տանելու, կուտակված շինարարական աղբը (շին.թափոն), «Ինտեր» ընկերության տնօրենը դեռ չգիտի:
Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղական բյուջեից 150.000 լարի էր հատկացվել Կաջո, Բարալեթ, Ազմանա, Կուլիկամ, ինչպես նաև քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների տարածքում մանկական խաղային համալիրներ տեղակայելու նպատակով։ Սակայն ավելի ուշ բյուջեում կատարված փոփոխությունների համաձայն այս միջոցները, և ևս 29 313,86 լարի հատկացվեց քաղաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգմանը։
Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի՝ այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, նրանց կհաճախեն քաղաքի թիվ 1 և 2 մանկապարտեզներ:
«Բոլորին հնարավոր չէ բոլորին ընդունել: Փորձում ենք բոլոր երեխաներին տեղավորել, երբեմն լինում է, որ երեխաների թիվը գերազանցում է մանկապարտեզում թույլատրելի երեխաների թվից, սակայն փորձում են ամեն ինչ անել, որ ոչ մի երեխա չտուժի:
Ընդգծենք, որ Ախալքալաքի շրջանում թվով 16 մանկապարտեզ է գործում, որոնցից 3-ը՝ Ախալքալաքում, իսկ մնացածը գյուղերում: Հավելենք, որ մինչև տարեվերջ մանկապարտեզներ կբացվեն Գումբուրդո և Գոգաշեն գյուղերում: