«Թուրքական շուկայի բացումից հետո մենք պարբերաբար տեղեկատվություն ենք հրապարակում մեր բնակչության խնայողությունների մասին, թե ինչպես է տնտեսվել տասնյակ միլիոնավոր լարիներ»,- կառավարության նիստի ավարտին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
«Մենք ենթադրում ենք, որ տարվա ընթացքում մեր բնակչությունը կտնտեսի մոտ 180-ից 200 մլն լարի, ինչը բավականին մեծ գումար է։ Սա միմիայն թուրքական դեղամիջոցների դեպքում։ Բացի այդ, ռեֆերենտային գների հաստատումից հետո մենք ակնկալում ենք նաև գների զգալի նվազում»,- նշել է Զուրաբ Ազարաշվիլին։
Առողջապահության նախարարի խոսքով, եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև մի շարք հարևան երկրներում, որտեղ արդեն սահմանվել են դեղերի շեմային գները, դեղորայքի ինքնարժեքը նվազել է 40-70 տոկոսով։
«Կարծում եմ՝ սա կարևոր նախագիծ է, և բացելով թուրքական շուկան ու սահմանելով ռեֆերենտային գներ՝ այս խնդիրը մեկընդմիշտ կլուծվի երկարաժամկետ հեռանկարում», – ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Նախարարի պարզաբանմամբ, դեղերի ռեֆերենտային գները սահմանելու համար, Համաշխարհային բանկի աջակցությամբ, նախարարության հետ համատեղ աշխատում են միջազգային փորձագետներ, ովքեր տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում մասնակցել են վերոնշյալ ծրագրերի հաջող իրականացմանը։
«Հաջորդ տարվա հունվարից կունենանք խրոնիկական հիվանդությունների դեղամիջոցների և ուռուցքաբանական դեղորայքի ռեֆերենտային գներ, որոնք նախնական փուլում կգործարկվեն պիլոտային ռեժիմով։ Հաջորդ փուլում ամբողջությամբ կսահմանվեն ռեֆերենտային գներ, և դա կտարածվի ցանկացած դեղամիջոցի վրա»,- հայտարարել է Զուրաբ Ազարաշվիլին։