Ազոտական պարարտանյութերի շուկայում ամառը համարվում է «մեռած սեզոն», իսկ աշնանից աշխուժացում է սպասվում: Այս մասին հայտարարել է «Ռուսթավիի ազոտ» ընկերության տնօրեն Լևան Բուրդիլաձեն։
«Ազոտական պարարտանյութի պահանջարկը, որպես կանոն, ամռանը միշտ նվազում է, և դա արտահայտվում է գնի վրա։ Հետևաբար, եթե համեմատենք ամառային գները գարնանայինների հետ, ապա դրանք, անշուշտ, նվազել են։ Խոսքը 50%-ով նվազման մասին է։ Գները կսկսեն աճել աշնանը, բայց ոչ նույն տեմպերով, ինչ գարնանը, քանի որ հիմնական աշխատանքները տարվում են գարնանը, ինչը նշանակում է, որ այս պահին պահանջարկն ավելի մեծ է։ Սպառման պիկը գարունն է, իսկ ամենամեռած սեզոնը՝ ամառը»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով, ձեռնարկությունն օրական արտադրում է միջինը 1500 տոննա ազոտական պարարտանյութ, իսկ տարեկան ավելի քան 0,5 մլն տոննա, որից մոտավորապես 87%-ն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրան հաջորդած պատժամիջոցները փոխեցին իրավիճակը շուկայում։
«Ռուսական ապրանքները հիմնականում գերակշռում են Հարավային Ամերիկայի շուկաներում։ Ռուսներն իրենց ապրանքը վաճառում են շատ ցածր գնով։ Սա նշանակում է, որ մենք այս տարի ձեռնպահ ենք մնալու Հարավային Ամերիկային վաճառելուց, քանի որ նրանց հետ դժվար է մրցակցել։ Սակայն դա չի նշանակում, որ մեր արտահանումը վտանգի տակ է»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով, այսօր համաշխարհային շուկան հագեցած է ռուսական պարարտանյութերով, սակայն դա չի վերաբերում ԵՄ երկրներին, որոնք հրաժարվում են ռուսական արտադրանքից պատժամիջոցների և ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով։
«Բրազիլիան ամենախոշոր շուկաներից մեկն է, և ռուս արտադրողներն ակտիվորեն իրենց արտադրանքն են մատակարարում այնտեղ։ Հետևաբար, այս տարի մենք չենք նախատեսում վաճառել մեր արտադրանքը այնտեղ, և դա այն դեպքում, որ մինչ պատերազմը մենք ակտիվորեն աշխատում էինք Բրազիլիայի հետ։ Հիմա ռուսական այնպիսի էժան պարարտանյութեր կան, որ արտահանումն անիմաստ է»,- ասում է Լևան Բուրդիլաձեն։
Վերջինիս խոսքով, պարարտանյութի պահանջարկն աճում է նաեւ տեղական շուկայում։
«Տարվա ընթացքում տեղական շուկայում մենք վաճառում ենք մինչև 70 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը կազմում է մեր արտադրանքի 12-13 տոկոսը։ Վերջին 3 տարիների ընթացքում տեղական շուկայում սպառումը զգալիորեն աճել է, և դա վկայում է այն մասին, որ բնակչությունը վերադարձել է գյուղատնտեսությանը»,- ասում է Լևան Բուրդիլաձեն։