Ծնունդով Ջավախքից Աշխեն Մկոյանը մասնագիտությամբ հոգեբան է, մոտ 20 տարի է նա ապրում է Երևանում, որտեղ էլ ծավալում է իր մասնագիտական գործունեությունը` 10 տարուց ավելի զբաղվելով պրակտիկ հոգեբանությամբ:
Աշխենը ծնվել է Ախալքալաքում, նախնական կրթությունը ստացել է քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում, սակայն ութերորդ դասարանից տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ընդունվելով Երևանի պետական համալսարան սովորել է հոգեբանության բաժնում:
Աշխեն Մկոյանը հոգեբանությամբ սկսել է հետաքրքրվել, երբ եղբայրը ամեն անգամ համալսարանից տուն վերադառնալով առանձնակի ոգևորությամբ պատմել է հոգեբանության դասերի մասին:
«Շատ հետաքրքիր ձևով եմ ընտրել հոգեբանությունը: Նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչ է իրենից ենթադրում հոգեբան լինել: Եղբայրս համալսարանում իրավագիտության բաժնում էր սովորում, հոգեբանություն էին անցնում, գալով տուն ամեն անգամ պատմում էր հոգեբանության դասերի մասին, գրքեր էր բերում, որոնք ես անընդհատ կարդում էի, այդպես հետաքրքրություն առաջացավ և որոշեցի գնալ այդ ուղղությամբ: Սկզբնական շրջանում չէի պատկերացնում, երբ ավարտեմ, ինչ եմ անելու կամ պրակտիկ հոգեբան լինելը ինչ է նշանակում»:
Արդեն կայացած հոգեբանը մտաբերում է Ֆրեդի խոսքերը. եթե դու մեկ մատով դիպչում ես հոգեբանությանը, այն քո ամբողջ ձեռքն է բռնում: Եվ հենց այդպես էլ լինում է իր հետ, քիչ-քիչ հետաքրքրվելով նա ամբողջությամբ տարվում է հոգեբանությամբ, որը նրա կարծիքով, իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է:
«Իմ մասնագիտությունը լրացնում է իմ անձը: Մենք այնքան համահունչ ենք ու ներդաշնակ, որ կարծում եմ, դա նրա մասին է խոսում, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել ու հենց դա է պատճառը, որ ես այդքան սիրում եմ և ինձ համար իմ մասնագիտությունը ավելի շատ ապրելաոճ է, քան ուղղակի մասնագիտություն»:
Աշխենը հիշում է, երբ դեռ մագիստրատուրայում էր սովորում, իսկ այդ տարիներին շատ բարդ էր իր մասնագիտությամբ աշխատանք գտնել:
«Ես կլինիկական հոգեբան եմ, իսկ իմ ուսանողության տարիներին շատ բարդ էր աշխատանք գտնելը և նախքան հոգեբան աշխատելը, ես նույնիսկ բանկում եմ աշխատել ու լրիվ այլ հաստիքում: Երկար ժամանակ զանգի էի սպասում, որ ինձ կկանչեն հոգեբան աշխատելու, այդ զանգը այդպես էլ չեղավ, աշխատանքի առաջարկ չստացա: Եվ ես ստիպված եղա ստեղծել այն գործը, որով հիմա եմ զբաղվում, դա Հարմոնիա հոգեբանական կենտրոնի ծնունդն էր, որն իմ կարիերայի համար կարևոր կետ եղավ»:
Աշխեն Մկոյանը մտածում է՝ գուցե լավն էլ հենց դա էր, քանի որ եթե իրեն ինչ-որ տեղից առաջարկ անեին, գուցե հիմա չունենար և չստեղծեր այն, ինչ ունի:
Հարմոնիա հոգեբանական կենտրոնը առաջիններից մեկն է եղել Հայաստանում, որը ծառայություններ է առաջարկել հենց բիզնեսին: Կենտրոնը կորպորատիվ ծառայություններ է մատուցում, թրեյնինգներ ունեն, վերապատրաստումներ հատուկ ուղղված բիզնեսին: Ինչպես նաև անհատական հոգեբանական խորհրդատվություններ, հոգեթերապիա սկսած 12 տարեկանից, թրեյնինգներ, որոնց կարող են մասնակցել բոլորը, ովքեր ցանկանում են զարգանալ և զարգացնել անձնային հմտությունները:
Պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն, գաղտնիություն, սրանք այն կարևոր կետերն են, որոնց ամեն օր առնչվում է երիտասարդ հոգեբանը: Աշխենի շարժիչ ուժն առաջին հերթին այն մարդիկ են, ովքեր կարողանում են իրենց կյանքում ինչ-որ փոփոխություններ մտցնել հենց հոգեբանի միջամտությամբ:
«Այն մարդիկ, ովքեր կարողանում են ուրախանալ, ում աչքերում փայլ եմ տեսնում, երբ իմ աշխատանքը արդյունք է տալիս, դա ինձ համար ամենաոգևորիչն է: Երբ կարողանում եմ դրական ազդել մարդկանց և շրջապատի վրա, դա ինձ համար էներգիայի մեծ աղբյուր է»:
Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում է՝ ազնվությունը, պատասխանատվության զգացումը, երբ մարդը պատասխանատվություն է վերցնում իր արած յուրաքանչյուր քայլի համար:
Աշխենը Մկոյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս. «Միանշանակ ընտրեք հոգեբանությունը, եթե սիրում եք այդ ոլորտը, սերը դեպի մասնագիտություն ամենամեծ գործոնն է: Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի հեռանկարին, կարծում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ջավախքում այն դառնում է պահանջված, զարգացնող և բարձր վճարվող մասնագիտություն»:
Խոսելով կարծրատիպերի մասին Աշխենը նշում է՝ դրանց դեմ պայքարի միակ միջոցը տեղեկացվածությունն է:
«Ինչքան մենք գրագետ լինենք այդ հարցում այնքան կազատվենք հոգեբանի մոտ գնալու կոմպլեսքսներից և հասարակության կարծիքներից, դրա համար անհրաժեշտ է նախ սեփական կյանքի կարևորութունն առաջնային համարել»:
«Երևի թե մարդ, ով սիրահարված է իր մասնագիտությանը ու անընդհատ փորձում է աճել, կատարելագործվել, աննդհատ ուզում եմ ռեալիզացվեմ, ավելի շատ օգուտ տամ մարդկանց, իսկ եթե չընտրեի հոգեբանությունը, ապա շատ ոլորտներ կան, որոնք ինձ հետաքրքիր են և կցանկանայի դրանցով զբաղվել, օրինակ՝ մարկետինգը, դիզայնը ինչ-որ ոլորտում բիզնես և այլն»:
Աշխեն Մկոյանը բոլորին խորհուրդ է տալիս չդոփել տեղում, այլ զարգանալ, անընդհատ կրթվել՝ համարելով, որ դա անկախ տարիքից ամենակարևորն է մարդու կյանքում: Լիարժեք ու ինքնավստահ ապրելու բանալին հենց դրանում է կայանում: