Ուսանողներին աջակցելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության նախարարության և «Գալֆ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ գերազանց առաջին կուրսեցիները 2022-2023 ուսումնական տարում կստանան 300 լարի կրթաթոշակ: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը և «Գալֆ» ընկերության գլխավոր տնօրեն Քրեյգ Սթիվեն Կրամերը։
Փաստաթղթի համաձայն՝ «Գալֆի» ընկերությունը 2022 թվականի միասնական ազգային քննություններում լավագույն արդյունք ցույց տված 100 ուսանողներին կտրամադրի ամսական 300 լարիի չափով կրթաթոշակ մեկ ուսումնական տարվա համար։
Վրաստանի կրթության գիտության նախարարության մամուլի ծառայությունից Jnews-ին հայտնեցին, որ կրթաթոշակ կարող են ստանալ նաև ոչ վրացալեզու ուսանողները։
«Կտեղադրվի միասնական ազգային քննությունների արդյունքերի դասակարգված ցուցակը, և ըստ ցուցակի՝ առաջին հարյուրյակը կընտրվի: Կրթաթոշակ կստանան միայն այն ուսանողները, ովքեր ունեն ուսանողի կարգավիճակ, ոչ վրացալեզու ուսանողները ցուցակի մեջ հայտնվելու դեպքում կրթաթոշակ կստանան առաջին կուրսում, երբ ստանան ուսանողի կարգավիճակ», — Jnews-ին հայտնեցին Կրթության նախարարության մամուլի ծառայությունից: