Փլատակների տակից դուրս է բերվել յոթերորդ դին։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«Անձը դեռևս ճշտվում է։ Ունենք 20 ահազանգ անհետ կորած քաղաքացիների մասին, որից 4-ը ԻԻՀ քաղաքացիներ են։ Ահազանգը ստացել ենք Իրանի դեսպանատնից»,- ասել է նա և ընդգծել․
«Կինոլոգիական շները ևս մասնակցություն են ունեցել 7-րդ զոհի հայտնաբերման գործընթացում»։
Արտյուշ Գրիգորյանը նաև հայտնել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, միացել են նաև մարզային ստորաբաժանումներից։
«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցված են։ Բացառապես կենտրոնացած ենք որոնողա-փրկարարկան աշխատանքների վրա»,- ասաց նա և անդրադարձավ սյուների հնարավոր քանդման աշխատանքներին․
«Առաջիկա մեկ ժամվա մեջ կունենանք որոշում, թե ինչպես պետք է վարվենք դեռևս կանգուն մնացած շինության հետ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու չի կասեցվել տնտեսվարողի գործունեությունը, երբ արձանագրվել են խախտումներ, Գրիգորյանն ասաց․
«Տեղյակ եմ,որ ստուգում է իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, տրվել են կարգադրագրեր, բայց քանի որ այլ ոլորտ եմ համակարգել, հետագա ընթացքից տեղեկություն չունեմ։ Կարծում եմ ՝ կարգադրագրերի հետագա ընթացքը պետք է ճշտել տեսչական մարմնից»։
լրագրողները նաև հետաքրքրվեցին,թե արդյո՞ք «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունից մարդ եկել է, հետաքրքրվել է, Արտյուշ Գրիգորյանն ասել է՝
«Նման տեղեկատվություն չունեմ, եկել են,թե՝ ոչ։ Ես կազմակերպության անունը գիտեմ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքն է սա, իսկ թե տնօրենն ով է, չեմ ճանաչում»։