ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։

«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասել է նա` հավելելով, որ դա ըստ ԱԻՆ–ի` 99 տոկոսանոց փաստ է։

Հանրության շրջանում հնարավոր ահաբեկչության վարկածը կապվում է նաև օգոստոսի 14-ին պայթյունից հետո ժամեր անց հայտնված կեղծ ահազանգերի հետ` Երևանի տարբեր հանրային վայրերում, մետրոյում, եկեղեցում պայթուցիկ նյութերի առկայության մասին։

Անդրադառնալով այդ խնդրին` Փամբուխչյանը հիշեցրել է, որ երեկվանը նման զանգվածային ահազանգերի արդեն 3-րդ դեպքն էր, որը, ինչպես նախորդ երկուսը, ևս հերքվել է։

«Իսկ երեկ այն նամակ գրողը, օգտվելով առիթից, նաև իր վրա էր վերցնում որոշ պատասխանատվություն, քանի որ երեկ խաղողօրհներգ էր, եկեղեցու մասին ունեցանք ահազանգ, որ ռումբ է տեղադրված»,– ասել է նա։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։