«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:

Տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս գրվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են վեց տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։