85-ամյա ֆիզիկայի մասնագետ, մեթոդիստ Մինաս Տոնականյանը Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղից է՝ Դամալայից։ Շրջանում նա շատերին է հայտնի, իսկ գյուղի երիտասարդները հիացմունքով և մեծ հարգանքով են խոսում նրա մասին։

Մինաս Տոնականյանn այն եզակի անհատներից է, ով բարձրագույն կրթությունը հաջողությամբ ավարտելով Երևանում հետ է վերադարձել գյուղ, իր կյանքի 50 տարիները նվիրել մանկավարժությանն ու ֆիզիկայի գիտելիքները հայրենի գյուղի սերունդներին փոխանցելուն։

Ավարտելով հայրենի գյուղի դպրոցը նա ընդունվել է Երևանի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը: 1962 թվականին ավարտելով Երևանում մնալու և այնտեղ աշխատելու շատ առաջարկներ է ստացել, բայց քանի որ ընտանիքի միակ արու զավակն էր վերադարձել է ծնողների մոտ և աշխատանքի անցել Դամալայի միջնակարգ դպրոցում։
TONAKANYAN1
Աշխատելով գյուղի դպրոցում նա արտաժամյա պարապմունքներ է անցկացրել՝ գյուղի երեխաներին նախապատրաստել օլիմպիադաների մասնակցելու, գրեթե բոլոր մրցույթներում նրա աշակերտները մեծ հաջողություն են գրանցել։ Նա 1979 թվականին Ուսուցիչների կատարելագործման իստիտուտում ներկայացրել է իր կողմից մշակված մեթոդը և հավանության արժանացել։ Նրա մեթոդը շրջանի հանձնաշողովի կողմից որակավորում է անցել ըստ այդմ նրան շնորհվել է ավագ ուսուցչի և մեթոդիստի կոչում։

«Երեք հատ գրատախտակ ունեի, միանգամից մի քանի հոգու առաջադրանք էի տալիս, մինչ նրանք խնդիրները կլուծեին, ես զուգահեռ աշխատում էի համեմատաբար թույլ աշակերտների հետ։ Նաև դասարանում ունեի վիճակահանության արկղիկ և աշակերտներից ում անունն ընկներ, նա պետք է պատասխաներ հարցին», — պատմում է պարոն Տոնականյանը:
TONAKANYAN
«Ինչպես եմ պարապում դպրոցում և ինչպես եմ ոգևորում աշակերտներին հաղթել օլիմպիադաներում» մեթոդի շնորհիվ նրա աշակերտները բազմաթիվ հաջողությունների են հասել։ Ունեցել  է նաև ազգությամբ վրացի աշակերտներ՝ Ասպինձայի վրացական դպրոցից, որոնցից շատերը մեծ նվաճումներ են ունեցել գիտական ոլորտում, ստանձնել են տարբեր բարձր պաշտոններ։

«Ես սիրում եմ իմ հայ ազգին ամենից շատ, բայս ոչ պակաս սիրում եմ նաև վրաց ազգին»- ասում է Մինաս Տոնականյանը:

«Ֆիլմերով և տարբեր փորձերով բաց դասեր էի անցկացնում, բազմաթիվ ֆիզիկայի երեկոներ եմ անցկացրել գյուղի ակումբում, կատարում էինք փորձեր և ֆոկուսներ, հրավիրում էի Ասպինձայի վրացական և ռուսական դպրոցի աշակերտներին, երեխաների մեջ հետաքրքրություն էի առաջացնում և զարգացնում ֆիզիկայի գիտելիքները», – պատմում է Մինաս Տոնականյանը:
TONAKANYAN2
Եռանդով լի պարոն Տոնականյանը, 2011 թվականից դպրոցում չի աշխատում, գյուղում ֆերմա ունի և զբաղվում է այգեգործությամբ, գյուղի վերևում գտնվող նրա այգիներում՝ իր իսկ կողմից աճեցված տարատեսակ մրգատու ծառերի կարող եք հանդիպել։

Այժմ նա գյուղում ապրում է կնոջ՝ տիկին Լուսիկի հետ, նրանք ունեն մեծ ընտանիք, 3 որդի, 9 թոռ և 6 ծոռ, որդիներից մեկն ապրում է Կանադայում, տնտեսական գիտությունների թեքնածու է, մյուս որդին՝ Տիգրան Տոնականյանը ճանաչված պլաստիկ վիրաբույժ է, թոռները ևս ունեն բարձրագույն կրթություն և աշխատում են տարբեր ոլորտներում։
Tonakanyan3
Մինաս Տոնականյանը եղել է երեկոյան դպրոցի տնօրեն, Դամալայի դպրոցի ուսմասվար և տնօրեն, գյուղի Կոլտնտեսության նախագահ, երկար տարիներ աշխատել է որպես գյուղի բարեգործական հիմնադրամի նախագահ, 90-ականներին արցախյան պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ օգնություն են ուղարկել դեպի Հայաստան։ 1999 թվականին նախագահի հրամանով Արժանության (ღირსების მედალი) մեդալի է արժանացել։ Իսկ 1999 թվականի օգօստոսի 5-ին ստացել է Ասպինձայի շրջանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Հպարտանում եմ, որ այսօր իմ գյուղը ղեկավարում են իմ աշակերտները։ Շատ խելացի և դիվանագիտորեն գնահատում են վրաց ազգին և գնահատվում։ Գյուղին շատ լավ են հետևում, ասֆալտապատված են բոլոր փողոցները, շրջանի ամենագեղեցիկ և մաքուր գյուղերից մեկն է Դամալան», – առանձնակի հպատրությամբ հավելում է Մինաս Տոնականյանը: