Օգոստոսի 8-ին, Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում (ՆԵԿ) և Ծալկայի Դարագյուղում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացումը։ Նինոծմինդայի 150-ից ավելի և Դարագյուղի 145 երեխայի ամառային արձակուրդի 6 օրը ամերիկահայ երիտասարդ ջոկատավարները կապահովեն երգ ու պարով, տարբեր խաղերով և ուրախ տրամադրությամբ։

Բացման արարողությունը Նինոծմինդայում մեկնարկեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ՝ Տերունական աղոթքով, իսկ Դարագյուղում՝ Տեր Ղեվոնդ քահանա Թազյանի աղոթքով, այնուհետև Հայաստանի և Վրաստանի օրհներգերի ներքո տրվեց «Ջավախք» ճամբարի մեկնարկը:

ninowminda3

«Շատ եմ կարևորում այսպիսի միջոցառումները, առավել կարևոր է Ծալկայի շրջանում իրականացնել այս ամենը, քանի որ այստեղ երեխաները կտրված են միջոցառումներից, այստեղ չունենք երիտասարդական կենտրոն, բայց գյուղի հասարակությունը ներգրավված է այս ամենի մեջ և նրանք կօգնեն խմբավարներին այս 6 օրվա ընթացքում»,- ասաց ՆԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Դարագյուղում երիտասարդները գյուղի մուտքի մոտ մեծ շուքով դիմավորեցին Ամերիկայից ժամանած խմբավարներին։ Խմբավարներին իր տանն է հյուրընկալել տիկին Մարոն, իսկ գյուղացիները հանդիսությունների սրահն են տրամադրել, երիտասարդներն էլ օգնում են ճամբարն կազմակերպելու հարցերում։
ninowminda1
Նինոծմինդայի «Ջավախք» ճամբարին մասնակցում են երեխաներ՝ ինչպես քաղաքից, այնպես էլ շրջանի տարբեր գյուղերից: Իսկ Դարագյուղում՝ Ծալկայի շրջանի Օզնի, Ղզլքիլիսա, Աշխալա, Խաչ, Դարագյուղ, Այազմա, գյուղերի և Ռուսաստանից ու Հայաստանից գյուղ եկած երեխաները: