Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի փակման արարողությունը։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի գլխավորությամբ միջոցառման մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Այնուհետև երեխաները ցուցադրեցին ճամբարական 6 օրերի ընթացքում անցկացրած ակտիվությունների արդյունքը։ Հայրենասիրական երգերով և պարերով ճամբարականները հրաժեշտ տվեցին միմյանց։

jav5

ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը շնորհակալական խոսքեր հղեց «Ջավախք» ճամբարի խմբապետերին, ովքեր 6 օրերի ընթացքում «Զորի Զորյան» պատանեկան միության սաների օգնությամբ կարողացել են երեխաների օրը լցնել հայրենասիրական երգերով, պարերով ու ասմունքով:

jav7

«Մեծ հզոր բանակ է երկու կողմս կանգնած, ես հպարտ եմ, որ դուք կաք: Շնորհակալ եմ, որ դուք կարողացաք ավարտին հասցնել մի ճամբար, որը սկիզբ է առել 10 տարի առաջ, հոբելյանական տարին դուք ավարտեցիք գեղեցիկ վերջաբանով, որը սկիզբն է հաջորդ տարվա «Ջավախք» ճամբարի: Դուք բերում եք ձեր սերը, նվիրվածությունը, հայրենասիրական ոգին, որը Ջավախքում կա ու պետք է արթնացնել այս փոքրիկ երեխաների մեջ», – ասաց Կարինե Թադևոսյանը:

jav1

Հայ Օգնության Միությունը շնորհակալագրեր հանձնեց Ամերիկայից ժամանած խմբապետերին, իսկ Բոստոն քաղաքից ժամանած խմբապետերի պատասխանատու Անի Խաչատուրյանը շնորհակալագիր հանձնեց Ռիտա Կարապետյանին և Տաթև Թումասյանին՝ անձնվեր աշխատաքի համար:

jav4

«Շաբաթը շատ արագ անցավ, երկու տարվա ընդմիջումից հետո բոլորս շատ ուրախ և խանդավառ էինք, որ սկսվեց ճամբարը, բայց բաժանումը շատ տխուր է, անշուշտ մյուս տարի նույնպես գալու ենք։ Ուզում եմ ծնողներին շնորհակալություն հայտնել նրա համար, որ մեզ վստահում են: Շնորհակալություն պատանեկան միության երիտասարդներին, ովքեր մեզ օգնել են այս օրերի ընթացքում, Երիտասարդական կենտրոնին և Հայ Օգնության միությանը, ով այս ճամբարը կազմակերպեց», — ասաց Ամերիկայից ժամանած խմբապետերի ղեկավար Անի Խաչատուրյանը:

jav3

Ախալքալաքում ճամբարին մասնակցել են 150 երեխա քաղաքից և շրջանի տարբեր գյուղերից։ «Ջավախք» ճամբարը ՀՕՄ-ի ծրագիր է, որն Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցխայում իրականացվում է երիտասարդական կենտրոններում, իսկ Ծալկայում կիրականացվի Դարագյուղի հասարակության կողմից կառուցված կենցաղային տանը։

jav

jav6