Իտալական Demaclenko ընկերությունը դատի է տալու Վրաստանի կառավարությանը և երկրի ձմեռային հանգստավայրերը կառավարող MTI պետական ընկերությանը։

«Demaclenko»-ն Վրաստանի ղեկավարությանը մեղադրում է կոռուպցիոն գործարքների և կոպիտ խախտումների մեջ Բակուրիանիում 2023 թվականի ազատ ոճի և սնոուբորդի աշխարհի առաջնության համար արհեստական ձնամաքրման համակարգի կառուցման տենդերի անցկացման ժամանակ։ Իտալական ընկերության առաջարկը մերժվել է՝ նախագիծը 90,5 մլն լարիով վստահելով «TechnoAlpin» ընկերությանը։

Բանն այն է, որ տենդերի ժամանակ «Demaclenco»-ն պատրաստակամություն է հայտնել վրացական լեռնադահուկային հանգստավայրում աշխատանքներն իրականացնել 92 մլն լարիով, իսկ «TechnoAlpin»-ը՝ 137,9 մլն լարիով։

«Պետական գնումների գործընթացում կոպտորեն խախտվել են ինչպես Վրաստանի քաղաքացիների (հարկատուների), այնպես էլ աշխարհահռչակ իտալական ընկերության իրավունքները, որոնք մի քանի հաջողված նախագծեր են իրականացրել Վրաստանում»,- հայնտում են «Demaclenko»-ից։

Ըստ իտալական ընկերության իրավաբանների, իրենց գործունեության և «բարձր հանրային շահի» պատճառով վրացական իշխանությունները ստիպված են եղել հետագայում նվազեցնել գնման արժեքը մոտ 47 մլն լարիով, սակայն նույնիսկ դրանից հետո «Demaclenko-ի առաջարկը շատ ավելի էժան էր լինում պետական բյուջեի համար»:

Փաստաբանները կասկածում են, որ նախագծի տեխնիկական պարամետրերը «դիտավորյալ ամբողջությամբ հարմարեցվել են» TechnoAlpin-ին: Ինչպես նաև, ըստ նրանց, տենդերի ընթացքում խախտվել են «Պետական գնումների մասին օրենքի» բոլոր հիմնական սկզբունքները։

Փաստաբանները 11 699 870 լարիանոց հայց են նախապատրաստում Թբիլիսիի քաղաքային դատարան ներկայացնելու համար։ Նրանք խոստանում են նաև միջնորդություն ներկայացնել Վրաստանի Գլխավոր դատախազություն՝ հետաքննություն սկսելու խնդրանքով և դիմում ներկայացնել Մրցակցության պետական գործակալությանը։

Մեկնաբանելով «Demaclenko»-ի մեղադրանքները՝ ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ բազմամիլիոնանոց նախագծի տենդերն «անցկացվել է մրցակցության կանոններին և գնումների ընթացակարգերին լիովին համապատասխան»։ Ավելի ցածր գին առաջարկող իտալական ընկերության որակազրկումը բացատրվել է սահմանված «որակավորման չափանիշների» հետ անհամապատասխանությամբ։