Այսօր Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպումներ անցկացրեց խորհրդարանական ընտրություններում մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների հետ, որի ժամանակ քննարկվում էր Խորհրդի կողմից ներկայացրած հուշագիրը:

Օրեր առաջ Խորհուրդը հայտարարություն էր տարածել, որի մեջ նշել էր, որ դեռևս Վրաստանում գործող քաղաքական ուժերին և Ջավախքում ներգրավված կուսակցություններին պաշտպանելու հիմք չունի: Ինչպես նաև հայտարարության մեջ նշված էր, որ խորհուրդը պատրաստակամ է հանդիպել մեծամասնական թեկնածուների հետ, քննարկելու Եվրոխորհրդին ներկայացված հուշագրի պահանջները:

«Առաջիկայում ընտրությունների վերաբերյալ տեսակետ հայտնելու համար, խորհրդակցելով խորհրդի բոլոր անդամների հետ, որոշեցինք անխտիր հանդիպել բոլոր թեկնածուների հետ: Այսօր արդեն ընթանում են հանդիպումները, բոլոր թեկնածուները տեղյակ են այս հանդիպումների մասին և համաձայնվել են գալ հանդիպման: Թեկնածուներին նախ ներկայացվում է խորհրդի պահանջների մասին և առանձին-առանձին քննարկվում է խորհրդի կողմից ներկայացված կետերը», – ասաց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի հուշագիրը, որը ներկայացվել է նաև Եվրոխորհրդարանին, բաղկացած է 5 կետից, որում ներկայացված են Ջավախք երկրամասի հայության դիմագրաված խնդիրներն ու դրանք լուծելու ուղիները, Ջավախքի հայության պահանջները: Շեշտը դրվում է Հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի վրա:

Այսօր Խորհուրդը 8 մեծամասնական թեկնածուներից 5-ի հետ հանդիպում ունեցավ:

«Այսօրվա դրությամբ հանրապետական կուսակցությունը մի առավելություն ունի մյուս կուսակցությունների հետ, քանի որ իրենց նախընտրական ծրագրի մեջ առանձին կետ ունեն հատկացված հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի վերաբերյալ: Հանդիպումները անցնում են շատ դրական մթնոլորտում, բոլորը համաձայն են մեր տեսակետների հետ և խոստումներ կան, որ ընտրվելու դեպքում հետամուտ կլինեն բարձրացված հարցերի վերաբերյալ», – ասաց Արտակ Գաբրիելյանը:

Այս հանդիպումների ավարտին Խորհուրդը պատրաստվում է ընդհանուր կլոր սեղանի շուրջ բոլոր թեկնածուների մասնակցությամբ քննարկում կազմակերպել, որի ավարտին Խորհուրդը հանդես կգա կոնկրետ եզրակացությամբ և հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կսատարի թեկնածուներից որևէ մեկին:

Աղունիկ Այվազյան