Ինչ առավելություններ և ինչ թերություններ ունի 4+1 կրթական համակարգը, որը Վրաստանում հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդունվել բուհ, ընդունելության քննությունը հանձնելով մայրենի լեզվով:
Սեպտեմբերի 23-ին Ախալքալաքում, «Ռոնդելիի հիմնադրամ»-ի գրասենյակում տեղի ունեցան քննարկումներ 4+1 ծրագրով ուսուցման մասին։ Հանդիպումը կազմակերպել էր «Քաղաքացիական քննարկումների կովկասյան կենտրոնը»: Հանդիպմանը ներկա էին տվյալ համակարգով սովորած նախկին ուսանողներ, ուսանողների ծնողներ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանը։
Նախկին ուսանողների հիմնական բողոքը վերաբերում էր 0 կուրսին՝
«Առաջին տարին միայն խանութից առևտուր անելն ու տրանսպորտից օգտվելն էինք սովորել», – ասաց նախկին ուսանող Հրանտը։
Այն, որ 4+1 ուսուցման համակարգը արդարացնում է սպասելիքները, փաստում էին բոլոր ներկաները, բայց այդ փաստը չի նշանակում, որ շրջանում այլևս մասնագետների պահանջ չկա, քանի-որ ուսանողները, ովքեր սովորում են Թբիլիսիում և այնտեղ ստանում են մասնագիտական որակավորում, ձգտում են հենց տեղում էլ աշխատանք գտնել։
«Ես, որպես տվյալ համակարգով սովորող ուսանողի ծնող, կարող եմ ասել, որ ուսանողները բացի լեզվի իմացությունից նաև մասնագիտական որակավորում են ստանում և ցանկության դեպքում կարող են աշխատել և՛ մեր շրջանում և՛ Թբիլիսիում։ Խնդիրը, որը բավականին մեծ է, աշխատատեղերի բացակայությունն է, որը համատարած է և վերաբերվում է ոչ միայն 4+1 համակարգով սովորած ուսանողներին, այլ բոլորին։ Չնայած աշխատատեղերի սակավությանը, այնուամենայնիվ մեր ուսանողներից շատերը այսօր աշխատում են, և դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ համակարգը արժե շարունակել»,- ասաց «Ջավախքի ողջամիտ հասարակություն» կազմակերպության տնօրեն Աղասի Զալալյանը:
Ախալքալքում կամ Նինոծմինդայում ավարտած ուսանողների աշխատազուրկ մնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նրանց ստացած մասնագիտական որակավորման պահանջարկ չկա։
«Ես, որպես մանկավարժ, կարող եմ ասել, որ 4+1 համակարգով սովորող աշակերտների քանակը շատ է ավելացել։ Եթե 2 տարի առաջ Հայաստանում և Վրաստանում սովորող ուսանողները գրեթե հավասար քանակությամբ էին, ապա այսօր առավել շատ դիմում են Վրաստան, քանի որ տեղում աշխատելու համար լեզվի իմացությունը ցանկալի և պարտադիր է։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է անտեսել մայրենի լեզուն և առաջնային տեղ տալ օտար լեզվին, ինչպես այսօր շատերն անում են»,- ասաց մանկավարժ Դալի Աղդգոմելաձեն։
Քննարկման ընթացքում խոսվեց նաև Վրաստանում փողով գնահատական ստանալու և ուսանողական կաշառքի բացարձակ բացակայության մասին, ինչը Հայաստանում բավականին տարածված երևույթ է։
4+1 համակարգի մասին խոսեց և հնչեցված կարծիքներին իր համաձայնությունը տվեց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, ով նույնպես այդ համակարգով է սովորել։
Ջուլիետա Տոնականյան