Ախալքալաքում բնակչության մեծամասնության համար խնդիր է բանկոմատներից և տերմինալներից օգտվելը: Մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում ինքնուրույն վճարումներ կատարել կամ փող կանխիկացնել, որովհետև չեն տիրապետում պետական լեզվին: Իսկ բանկոմատներն ու տերմինալները հիմնականում վրացերեն և անգլերեն տարբերակներով են աշխատում:
Բնակչության զգալի հատվածը բանկոմատներից ու տերմինալներից օգտվում է հիմնականում բանկերի աշխատակիցների օգնությամբ: Իսկ ոչ աշխատանքային օրերին չեն կարողանում մուծումներ կատարել, քանի որ բանկոմատների մեծ մասն աշխատում է վրացերեն և անգլերեն լեզուներով: Քաղաքում ընդամենը մեկ-երկու բանկոմատ կա, որն ունի ռուսերեն տարբերակ, իսկ հայերենի մասին խոսք անգամ չի կարող գնալ:
Jnews-ը պարզել է, թե Ախալքալաքի բանկոմատներից, որոնք ի՞նչ լեզուներով են աշխատում։ Բանկերից տեղեկացանք որ՝ Bank of Georgia և TBC բանկերի բանկոմատներն աշխատում են միայն վրացերեն և անգլերեն տարբերակներով, իսկ Credo Bank-ը և Liberty Bank-ն իր օգտատերերին առաջարկում է գործողություններ կատարել վրացերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Չնայած այն բանին, որ Credo Bank-ից վստահեցրին, որ իրենց բանկոմատները երեք լեզվով են աշխատում, սակայն Jnews-ը հենց բանկում պարզեց, որ բանկի ներսում տեղադրված բանկոմատն իրապես ունի թվարկված երեք լեզուները, բայց դրսում տեղադրված բանկոմատում չգիտես ինչու բացակայում է ռուսերեն տարբերակը:
Ինչպես Jnews-ին հայտնեցին Ախալքալաքում գործող Bank of Georgia, TBC Bank, Credo Bank, Liberty Bank բանկերից՝ էթնիկ փոքրամասնություններին հասանելի լեզուներով, տվյալ դեպքում՝ հայերեն հավելված ավելացնելու հարց չի քննարկվում: