Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է կարտոֆիլի ոռոգման շրջանը: Միացված են պետական ոռոգման համակարգերը: Ընդհանուր առմամբ, ոռոգման սեզոնը շրջանում տեւում է մեկ ամիս՝ մինչեւ օգոստոսի 15-ը։

Որոշ գյուղեր արդեն սկսել են ոռոգել կարտոֆիլը, իսկ մի քանիսը կսկսեն մի քանի օրից։

Չամդուրա գյուղից ֆերմերն ասում է, որ պետական ոռոգման համակարգերը միացված են, ոռոգման ջրանցքներում արդեն ջուր կա, և գործընթացն ընթանում է ողջ թափով։

«Պոմպերից ջուրը հոսում է ջրանցքերը, այնտեղից էլ մարդիկ ոռոգում են իրենց ցանքատարածությունները: Ես սկսել եմ ոռոգել, ամեն ինչ լավ է: Իմ կարտոֆիլը վաղահաս տեսակի է, այն արդեն ծաղկել է, և ոռոգման ժամանակն է: Անցյալ տարի կառավարությունը մարեց ոռոգման բնակչության պարտքը, գուցե այս տարի էլ այդպես լինի»,- ասաց Մուրադյանը։

Ոռոգման վճարը, պետական ոռոգման համակարգով, մեկ սեզոնի համար կազմում է 75 լարի՝ 1 հա-ի դիմաց:

Խանդո գյուղից Մելիքյան Սարգիսն ասում է, որ իրենց գյուղում կարտոֆիլի ոռոգումը դեռ չի սկսվել, բայց տարվում են նախապատրաստական աշխատանքներ, ջրավազանները ջուր են լցնում։

«Պոմպերով ջուրը մղում են դեպի ջրավազաններ, որպեսզի բնակչությունն այնտեղից ոռոգի իր ցանքատարածությունները, դեռ չգիտենք, խնդիրներ կլինեն, թե ոչ, դա պարզ կդառնա, երբ գործընթացը սկսվի: Մեզ մոտ կարտոֆիլը ուշահաս է, ուստի մենք ոռոգումը կսկսենք մի փոքր ուշ»,- ասում է նա։

Նշենք, որ ՍՊԸ «Վրաստանի Միավորված մելիորացիոն համակարգերի ընկերությունը» հիմնադրվել է 2013 թվականին։ Սկսվել է խորհրդային տարիներին գոյություն ունեցող ոռոգման համակարգերի վերականգնումը, որոնք փլուզվել էին 90-ականներին, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։

«Վրաստանի Միավորված մելիորացիոն համակարգերի ընկերություն» -ն ողջ Վրաստանում ունի սպասարկման կենտրոններ։ Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնը բացվել է Ախալքալաքում: Այն սպասարկում է 5 մունիցիպալիտետ՝ Ախալցիխեի, Ասպինձայի, Ադիգենիի, Ախալքալաքի և Նինոծմինդայի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում ներկայումս գործում է 7 ոռոգման համակարգ.

1. Լոմատուրցխի ոռոգման համակարգը (ինքնահոս), սպասարկում է Ալաթուման, Կաջո, Ղադոլար, Լոմատուրցխ, Տուրցխ, Կոթելիա, Խանդո գյուղերը:

2. Կոթելիայի ոռոգման համակարգը (մեխանիկական), սպասարկում է Կոթելիա գյուղը և միացված է Լոմատուրցխի համակարգին:

3. Զակի ոռոգման համակարգը (մեխանիկական), սպասարկում է Զակ, Կոթելիա, Արագվա, Օրջա, Խանդո գյուղերը և միացված է Լոմատուրցխի ոռոգման համակարգին:

4. Ալմալի- Մուրջախեթի ոռոգման համակարգը (մեխանիկական և ինքնահոս), սպասարկում է, Խոսպիո, Մուրջախեթ, Վաչիան, Չամդուրա, Զրես, Կուլիկամ և Կարտիկամ գյուղերը, և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղը:

5. Հոկամի ոռոգման համակարգը (մեխանիկական), որը սպասարկում է Հոկամ, Քարսեպ, Գոգաշեն, Ափնիա գյուղերը:

6. Դիլիսկա – Պտենա – Չունչխայի ոռոգման համակարգը (մեխանիկական), որը սպասարկում է համանուն գյուղերը:

7. Զրեսի ոռոգման համակարգը (մեխանիկական), որը սպասարկում է Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Գումբուրդո, Վաչիան գյուղերը։

oroshenie