Այս տարի, նախնական տվյալներով, խոտի մեկ տուկը կարժենա 15 լարի, ինչը ավելի թանկ է, քան նախորդ տարի, երբ մեկ տուկն արժեր մոտ 10 լարի։ Միևնույն ժամանակ, 2022թ.-ի գարնանը խոտի մեկ տուկն արժեր նույնիսկ մոտ 20 լարի։
Ախալքալաքի կիզիչ արևի տակ գյուղացիները խոտ են հնձում, քանի որ այս տարի հորդառատ անձրևներ են տեղացել, անցյալ տարվա համեմատ խոտը շատ ավելի շատ է, ինչը բնականաբար կազդի խոտի գնի վրա։ Դաշտերում կարելի է տեսնել, թե ինչպես են սպիտակ գլխաշորերով կանայք պաշտպանվում ամառվա ուժեղ տապից և քամուց, որպեսզի արևից չվառվեն։ Հիմնականում աշխատանքի համար օգտագործում են հին գործիքներ։ Միևնույն ժամանակ, սա միակ միջոցը չէ անասունների համար ձմռանը խոտ հավաքելու համար։
Գայանեն և Տոնյան
Գայանեն (սպիտակ գլխաշորով), Հայաստանից գյուղ է վերադարձել 5 տարի առաջ, ամուսնու ծնողները խնամքի կարիք ունեին, ազգակցուհու՝ Տոնյայի հետ գնացել է խոտհունձի, ով մինչև հիմա զարմանում է, թե ինչու Գայանեն վերադարձավ գյուղ։ Այստեղ կյանքը դժվար է, կանայք տղամարդկանց հետ միասին պետք է խոտ հնձեն և շատ այլ ծանր աշխատանք կատարեն։
«Անցյալ տարի տուկը գնել էինք 12 լարիով, մինչև գարուն արդեն 25 լարի արժեր, ես մի կով ունեմ, եթե հիմա խոտ չհնձեմ, հետո ի՞նչ անեմ, այս տարի մարդ չես կարող վարձել խոտ հնձելու համար, ամեն մեկն իր համար է հնձում»,- ասում է Տոնյան:
Շատ կանայք ստիպված են խոտհունձով զբաղվել, այս ծանր աշխատանքն ընկնում է կանանց ուսերին, երբ տանը տղամարդ չկա, կամ տղամարդիկ մեկնել են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։
Սովորաբար կեսօրին, կիզիչ արևի ժամանակ, լեռնային Ախալքալաքի բնակիչները գնում են տուն, աշխատանքը վերսկսվում է կամ հաջորդ առավոտ, կամ երեկոյան՝ մայրամուտից հետո։
Սովորաբար, եթե խոտհարքը փոքր է, հնձիչներ են օգտագործում, սակայն վերջերս բնակիչները մի փոքր հեշտացրել են իրենց աշխատանքը և օգտագործում են ժամանակակից այլ տեխնիկա, այդ թվում այնպիսիք, որոնք խոտի կույտերով անցնելիս տուկ են կապում։ Սա շատ ավելի հեշտ է դարձնում տուկերի տեղափոխումը:
Եթե տեխնիկա կա, ավելի քիչ մարդ է գնում դաշտում աշխատելու, չնայած ամբողջ ամառ գյուղերում ավելի շատ մարդկանց կհանդիպես կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ մութն ընկնելու ժամանակ։
Անասնապահությամբ զբաղվողները, թեկուզ և քիչ քանակությամբ, այլ ելք չունեն, իրենք պետք է իրենց խոտը հնձեն։ Օրինակ՝ 2021 թվականին խոտի մեկ տուկն արժեր 8-10 լարի։ Հետո գյուղացիները այս գինը չափազանց բարձր համարեցին: Նախկինում ընդունելի գին էր համարվում 4-5 լարին՝ մեկ տուկի դիմաց։ Սակայն անցյալ տարի շատերը ստիպված են եղել խոտը գնել, քանի որ տարին չոր էր և խոտի պակաս կար։ Այս տարի բնակիչները դեռ չգիտեն, թե որքանով խոտը կարելի է գնել, սակայն նախնական կանխատեսումներով, խոտը կարժենա 15 լարի։ Խոտ հնձող Լոմատուրցխ գյուղի բնակիչների խոսքով, այն, որ խոտը պիտի թանկանար, պարզ էր դեռ գարնանը, երբ մեկ տուկ խոտի համար վճարում էին 20-25 լարի:
Հնձած խոտ, որը շուտով կվերածվի տուկերի
Գյուղում աշխատանքն ամբողջ տարին եռում է, ամռանը գյուղացիներն ավելի շատ ժամանակ են անցկացնում դաշտերում, իսկ ձմռանը՝ անասնագոմերում ու նկուղներում՝ կարտոֆիլը տեսակավորելով։