23-ամյա Ավետ Կուրղինյանի առօրյան տարբերվում է մյուսներից։ Նա իր օրը սկսում է քանդակելով, իր մտքերն ու հույզերն արտահայտելով իր ստեղծած նախշերում։ Ինքնուս քանդակագործը Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղից է, թվով չորս խաչքարի հեղինակ, ծրագրում է խաչքարների քանակն ավելացնել ու սեփական արհեստանոցն ունենալ, որպեսզի եկող սերունդն արմատներից չկտրվի:

Ավետը փոքրուց՝ 6 տարեկանից դիմանկարներ է արել։ Փորագրելու, նկարելու հանդեպ սերը դեռ վաղ հասակից է արտահայտվել նրա մոտ: Նշում է՝ թե հայրական, թե մայրական գեների մեջ կան արվեստագետներ:

Ավետի մայրը՝ տիկին Նվարդը, հիշում է՝ թե ինչպես 6 տարեկան հասակում իր որդին նկարել է իրենց հյուրի դիմանկարը։ Մեծ հպարտությամբ ընդգծում, որ դիմանկարը նաև իրեն է նման եղել:

mayr

palas
Ավետի մայրիկի ձեռագործ աշխատանքներից

Ավետը պատմում է՝ քիչ-քիչ սկսեցի նկարներ անել, հետո քանդակեր և այդպես ինքնաբերաբար ստացվեց։

Առաջին քանդակը 16 տարեկանում է արել:

«Մեր դռան մոտ քար կար, հայրիկս կողքի էր նետել, ես էլ պահի տակ որոշեցի, որ պետք է փորագրեմ: Հիմա այդ խաչքարը տեղադրել ենք գյուղի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում»:

arajin

Այնուհետև Ավետը քանդակել է ավելի մեծ խաչքար՝ ի հիշատակ իր մորեղբորը, որը հիմա կանգնեցված է գյուղի գերեզմանատան դիմաց, մորեղբոր գերեզմանի կողքին։

khachqar

Այս խաչքարի վրա Ավետը աշխատել է ամիս ու կես, նշում է՝ տուֆ քարի հետ աշխատելն ավելի հեշտ է, ու ոչ այնքան ժամանակատար:

Հետաքրքրական է, որ խաչքարի վերևի հատվածը հավասար չէ, այն թեք է, Ավետն ասում է՝ ազատ է թողել, չի ցանկացել սահմանափակել։ Կարծես իր քեռու հոգուն ազատություն է տվել։

Ավետ Կուրղինյանը ինքնուս է, խաչքարագործության թեքումով կրթություն չի ստացել, բայց մտածում է դրա մասին, թեկուզ կարճաժամկետ կուրսեր: Չնայած հիմա էլ կարդում է համապատասխան գրականություն և համացանցում ուսուցողական տարբեր տեսանյութեր նայում, ծանոթանում հայկական խաչքարագործության ամենանուրբ գաղտնիքներին:

«Եթե օրինակ տեսնում եմ որևէ խաչքար կամ զարդանախշ ու չեմ հավանում, ապա իմ քանդակած խաչքարի վրա այն ձևափոխում եմ: Կան նախշեր, որոնք ես եմ ստեղծել։ Դեռ նորեկ եմ այս ասպարեզում, գույները, նախշերը, ամեն ինչ փորձում եմ, ընտրում՝ ինձ դուր եկածները: Հույս ունեմ, որ իմ քանդակած մյուս խաչքարների վրա արդեն միայն իմ ստեղծած նախշերը կլինեն»:

Մեր հերոսը նշում է, շատ կարևոր է, որ խաչքար քանդակելիս զգացողություններդ անմնացորդ կարողանաս արտահայտել քարի վրա։ Եվ հենց այդ պահի զգացողություններից է ծնվում ամենանուրբ զարդանախշը, որն ուրիշ ոչ մի տեղ չի կրկնվում:

Ինքնուս քանդակագործը կարևորում է շրջապատի կարծիքն ու գնահատականը:

«Անբացատրելի զգացողություններ ես ունենում, երբ տեսնում ես ինչ որ մեկը քո ստեղծած խաչքարի մոտ մոմ է վառում կամ խաչակնքվում: Դա ինձ ոգևորում է, հետագայում ավելի լավ գործեր անելու»:

Ավետը խաչքարների քարերը տարբեր տեղերից է ձեռք բերում, վերջին աշխատանքը հայկական տուֆից է, Հայաստանից է բերել։ Ասում է՝ բարդ է քանդակել բազալտի և գրանիտի վրա։

qandakel

«Ես նախընտրում եմ տուֆը, քանի որ խաչքարին բնորոշ է հայկական տուֆը։ Տուֆի վրա քանդակները հնարավոր է խորացնել և բազմացնել, տարբեր շերտեր տալ։ Իսկ խաչքարի նախընտրելի գույնն ինձ համար կարմիրն է։ Եվ ընդհանրապես կարմիր խաչքարերի պահանջարկն ավելի շատ է»:

Ինքնուս քանդակագործն ասում է.

«Ես ինձ այնքան լավ եմ զգում, երբ  քարին կամ փայտին շունչ եմ տալիս, կենդանանում է նյութը։ Հպարտ եմ, որ հայ եմ և զարգացնում եմ հայկականը, դա ինձ մեծ ուժ է տալիս»:

Ավետ Կուրղինյանի հաջողության բանալին չհիասթափվելն է: Որևէ նոր գործ սկսելիս չի երկմտում կամ վախենում, որ չի ստացվելու, այլ՝ ընդհակառակը:

Սկզբից քարն է մշակում ու հարթեցնում, այնուհետև մեծ ստվարաթղթի վրա գծագրում է խաչքարը և հերթական խաչքարի հիմքը դրված է…

poqr khachqar

Նա նաև աշխատում է փայտով, մեծ խաչեր, նարդիներ և այլ իրեր է պատրաստում։

nardi

Կուրղինյանների տան բակում ևս Ավետի ձեռքով կառուցված աղբյուրն է, որն առանձնանում է իր հայկականությամբ:

aghbyur

Ավետը հիմա ոչ միայն խաչքարագործությամբ է զբաղվում, այլև ազատ ժամանակ գերեզմաններ է կառուցում: Այս պահին նրա միակ նպատակն է մեծ արհեստանոց ունենալ, որտեղ մուրճի հարվածների ձայնը երբեք չի դադարի հնչել:

«Ուզում եմ արհեստանոց ունենալ, որ եղանակային պայմանները չխանգարեն աշխատել, ինչպես տեսնում եք բաց երկնքի տակ եմ աշխատում»։

Ավետն իր ու իր ընտանիքի ապագան ուրիշ երկրում չի պատկերացնում, ասում է՝ կարևորը գործ լինի, այստեղից լավ տեղ չկա աշխարհում: Չնայած նշում է՝ գյուղում մասնագիտական առումով զարգանալու հնարավորությունները սահմանափակ են։