Վրաստանի կրթության և գիտության նախարարության «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում Ախալքալաք քաղաքի 5 դպրոցներում, գերազանց առաջադիմություն ունեցող 56 աշակերտ անհատական համակարգիչ է նվեր ստացել:

Համակարգիչները տրվել են 10-11-րդ դասարանի գերազանց սովորող աշակերտներին, ինչպես 2019-2020թթ., այնպես էլ 2021-2022 ուսումնական տարիների։

Այսպիսով՝ Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում 16 աշակերտ նվեր է ստացել համակարգիչ, թիվ 2 հանրային դպրոցում՝ 18 աշակերտ, թիվ 3 դպրոցում՝ 3, թիվ 4 դպրոցում՝ 15 աշակերտ և թիվ 5 դպրոցում՝ 4։

Հարկ է նշել, որ համակարգիչ են ստանում այն աշակերտները, ովքեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարաններում ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։ «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և բարելավել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուսուցման մեջ:

Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Իմ առաջին համակարգիչ» ծրագիրը իրականացնում է սկսած 2009 թվականից։