Ախալքալաքում «USAID կարտոֆիլի ծրագիրը Վրաստանում», որը բացվել է սերմացու կարտոֆիլի արտադրության համար, շարունակվում է։ Այժմ, ըստ ծրագրի, սկսել են արտադրել «Ագրիա» կարտոֆիլի տեսակի սերմացու կարտոֆիլ։ «Կարմիր մեսխեթական» կարտոֆիլի սորտը, որը ծրագրով արտադրվում էր անցյալ տարի, դադարեցվել է, քանի որ Ախալքալաքում այդ տեսակը պահանջարկ չունեցավ։

Նախագծում ընդգրկված կոալիցիայի անդամներից Սեյրան Համազարյանի խոսքով, ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրով կառուցված պահեստում, տասնյակ տոննա կարտոֆիլ փչանալուց հետո, ծրագրի ղեկավարությունը, համենայն դեպս, որոշում է ծրագիրն Ախալքալաքում շարունակել։ Ծրագրով ստացան 5000 «Ագրիա» կարտոֆիլի սորտի սածիլ և սկսեցին այդ սերմացուի արտադրությունը։

«Մենք պետք է 10 000 սերմացու ստանանք, նույնիսկ 20 000 էինք ուզում, բայց արդեն չենք հասցնի։ «Կարմիր մեսխեթական» սորտը մենք հանել ենք, այս սորտը կարմիր էր, իսկ կարմիր սորտը մեզ մոտ պահանջարկ չունեցավ։ Բնակչությունից տեղեկացանք, որ «Ագրիա» սորտի սերմացու են ուզում, որոշեցինք այդ կարտոֆիլի սերմացուն աճեցնել»,- ասում է Սեյրան Համազարյանը։

kartofel semena

Նրա խոսքով, ջերմոցային պայմաններում ստացված սածիլները տեղափոխվում են դաշտ ու ստանում «Սուպեր սուպեր էլիտա» կարգի, հետո «Սուպեր էլիտա», հետո «էլիտա», ապա «A» կարգի կարտոֆիլ, որն էլ հենց ֆերմերները տնկում են բերք ստանալու համար։ Վաճառվում է «A» կարգի կարտոֆիլը, թեև, ըստ Սեյրան Համազարյանի, Ախալքալաքի ֆերմերները պատրաստ են գնել «Ագրիա» կարտոֆիլի սորտի անգամ «Սուպեր էլիտա»-ի սածիլներն ու աճեցնել։

«Ալաստանում մենք արդեն տնկել ենք «Ագրիա» սորտի բազմաթիվ տնկիներ։ Այստեղ տնկիները շատ էին, մենք ամբողջն Ալաստան գյուղում ենք ցանել, սրանք նույնպես վաղը տանելու ենք տնկելու, վերջնական արդյունքում կստանանք «А» կարգի սերմեր։ «Ագրիա» կարտոֆիլի սորտը օգտագործվում է չիփսերի արտադրության մեջ, բացի այդ, սորտը սպիտակ է և մեծ հեղինակություն է վայելում բնակչության շրջանում»,- պարզաբանում է նա։

Ստացված կարտոֆիլի սերմացուն, ըստ Սեյրան Համազարյանի, իրենք ֆերմերներին վաճառելու են շուկայականից ցածր գնով։

Սեյրանը, պատմելով, ցույց է տալիս դատարկ սեղանները, որտեղ աճեցվել են սածիլները։

sajenci kartofel

Ախալքալաքում «USAID կարտոֆիլի ծրագիրը Վրաստանում» սկսել է գործել 2020թ.-ին:
Ծրագրի նպատակն է աջակցել Ախալցիխեի կամ Ախալքալաքի մունիցիպալիտետների համայնքներին պատկանող ֆերմերներին և ֆերմերային միավորումներին սերմացու կարտոֆիլի արտադրության հարցում: Այդ նպատակով Ախալքալաքում կառուցվել է ջերմոց, որտեղ աճեցվում են սածիլներ և սերմնանյութ, կառուցվել է նաև սառնարանային պահեստ։

Այս՝ 2022 թվականի գարնանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրով կառուցված պահեստում, անցյալ տարվա կարտոֆիլի բերքը փչացել էր։ Պահեստում հոսանք չէր անցկացված, և, համապատասխանաբար, չէր միացված կլիմատ-կոնտրոլը, ինչի պատճառով «Կարմիր մեսխեթական» տեսակի 90 տոննա կարտոֆիլից մոտ 60 տոննան փչացել էր։

Սեյրան Համազարյանի խոսքով, իրենց հաջողվել է պահեստից ջոկել մոտ 20 տոննա չփչացած կարտոֆիլ և մոտ 1 հա ցանել Դիլիսկա գյուղում, ինչպես նաև ցանել են 300 կգ «Սուպեր սուպեր էլիտա» կարգի «Սպիտակ ջավախեթյան» սորտի սերմացու։ Սեյրան Համազարյանը վստահեցնում է, որ կարտոֆիլը նորմալ աճում է: Նրանք մտադիր են աշնանը բերքը վաճառել և հոգալ իրենց ծախսերը։

Սեյրան Համազարյանն ասում է, որ պահեստում արդեն հոսանք է անցկացվել, և կլիմատ-կոնտրոլը նորմալ աշխատում է։

Եվս մեկ տարի ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը կօգնի ֆերմերներին սերմացու կարտոֆիլ աճեցնել, սակայն կոալիցիայի անդամները հույս ունեն, որ Ախալքալաքում ծրագիրը կերկարաձգվի եւս 3 տարով։