Չնայած իրականացված հարթեցման աշխատանքներին Սամսար տանող ճանապարհը մեքենաների համար գրեթե անանցանելի է:
Ձորով անցնող ճանապարհը, որն աննկարագրելի գեղեցկություն ունի, անձրևներից հետո վերածվում է քարքարոտ կածանի, նույնիսկ փորձառու վարորդն առանց մեքենան վնասելու չի կարող հասնել Սամսար գյուղ։
«Մեկ ամիս է ջուրը տարել է ճանապարհը, ամեն օր երթևեկում եմ այս ճանապարհով, արդեն մեքենա չի մնացել, անընդհատ նորոգում եմ, բայց՝ ապարդյուն։ Քարերն ու փոսերը այնքան շատ են, որ հնարավոր չէ մեքենայի տակը չխփել, ի՞նչ է մտածում պետությունը, հետո էլ տեխզննում են պահանջում, նախ ճանապարհը նորոգեն, հետո պահանջեն», – ասում է Սամսար գյուղի հանրային տրանսպորտի վարորդը:
Փոքր Սամսար գյուղի գյուղապետի խոսքով, այս տարի ճանապարհը հարթեցվել է, սակայն անձրևաջրերը հասցրել են նորից քանդել այն:
«Մոտ մեկ ու կես ամիս առաջ կատարվել են հարթեցման աշխատանքներ, բայց եղանակային վատ պայմանների պատճառով ճանապարը նորից նույնն է դարձել: Անհրաժեշտ է ավազ լցնել, քաղաքապետարանը խոստացել է աջակցել, սպասում ենք» – ասում է Փոքր Սամսարի գյուղապետ Մուշեղ Ավագյանը:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, քարերից մաքրելու աշխատանքներ այս տարի արդեն իրականացվել են, եթե պետք է կարող են էլի մաքրել, բայց ավազով հարթեցնելու համար գյուղապետը պետք է լրացուցիչ դիմում ներկայացնի քաղաքապետարան։
Սամսար գյուղում ճանապարհային խնդիրները արդիական է տարվա յուրաքանչյուր եղանակին։ Ձմռանը ձնաբուքն է փակում, իսկ մնացած եղանակներին անձրևաջրերն են քանդում ճանապարհները, գյուղացիները միշտ առնչվում են այս խնդրին։