Ախալքալաքում չորս ընկերներ սկսել են նոր, հավակնոտ, բայց միևնույն ժամանակ խիստ անհրաժեշտ նախաձեռնություն, որի նպատակը Ախալքալաքում մշակութային կյանքը զարգացնելն է։ Երիտասարդները ներդրել են սեփական գումարները իրենց ձեռնարկությունում, պատրաստ են սկզբնական փուլում դժվարություններին և հիասթափություններին և վստահ, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվելու է։

Studio

Մինչև վերջ չվերանորոգված շենքը՝ Կենտրոնից մի փոքր այն կողմ, Ազատության փողոցում, «Նանե» կենտրոնն է։ Հենց այստեղ՝ երրորդ հարկում, «Line Up» գաղափարն իրականացվում է համանուն կազմակերպության կողմից։ Վերանորոգման թոհուբոհի մեջ կա երկու սենյակ։ Մեկում ամբողջ պատին հայելիներ են, փայլուն հատակ, հարևանությամբ հանդերձարանն ու գրասենյակային տարածքը, այստեղ երիտասարդները պատրաստվում են երեխաներին և դեռահասներին պարել ու դերասանական վարպետություն սովորեցնել։ Մյուս սենյակը կահավորված է որպես ֆոտոստուդիա, դեկորացիա, հսկա համայնապատկերային պատուհան, ծանր վարագույրներով և նկարահանման սարքավորումներով…

Zal

Line up, նույն ինքը՝ Լայն ափ

Տնտեսագետ Քրիստինեն, ռեժիսոր Սոնան, պարուսույց Ռադիկը, մենեջեր Հրաչյան երիտասարդներ են, ովքեր մտածել և սկսել են կյանքի կոչել «Լայն ափի» գաղափարը, որը նրանք անվանում են մշակութային կենտրոն։

«Ես վաղուց էի ուզում պար ուսուցանել, իսկ երբ իմացանք, որ կա տարածք, Սոնային առաջարկեցի վարձել ու մշակութային կենտրոն ստեղծել, պարերի հետ միասին լուսանկարչական ստուդիա կազմակերպել: Մենք այնտեղ մեր ֆինանսները ներդրեցինք ու սկսեց աշխատել: Ես հուսով եմ կստացվի: Շատերին է հետաքրքրում, թե երբ ենք սկսելու դասերը»,- նախաձեռնության մասին սկսեց պատմել Ռադիկ Եզոյանը։

Յուրաքանչյուր նոր ձեռնարկի հետ մեկտեղ հեղինակները շատ ժամանակ և էներգիա են հատկացնում անունը որոշելու համար: Որովհետև անվանման միջոցով իսկ շատ բան են ցանկանում ասել։

«Մենք երկար մտածեցինք անվան շուրջ և որոշեցինք, որ անունը պետք է իր մեջ հայերենով իմաստ կրի, որպեսզի այն իմաստ արտահայտի մեզ համար և հասկանալի լինի աշխարհում բոլորի համար: Line up (անգլերեն) նշանակում է «հերթ» և «մակարդակի բարձրանալ»: Եվ նաև մեզ համար դա լայն ափ է, որն իր մեջ ներառում է մշակույթի տարբեր ճյուղեր»,- ասում է կազմակերպության հիմնադիրներից Սոնա Տոնականյանը։

«Լայն ափը» կազմակերպիչների համար նշանակում է նաև, որ նրանք հնարավորություն կտան ինքնադրսևորվելու և արտահայտվելու ասելիք ունեցող մյուս երիտասարդներին արվեստի լեզվով։ Այսպիսով, Line Up-ը նախատեսում է հաճախակի տարբեր միջոցառումներ անցկացնել, հաջորդ շաբաթ նրանք ծրագրում են ախալքալաքցց երիտասարդ երաժշտի համերգը։ Քանի որ նախաձեռնության հեղինակները բախվել են գաղափարներ իրականացնելու համար տեղ չունենալու խնդրին, նրանք որոշել են օգնել մյուսներին այս հարցում և հարթակ տրամադրել տարբեր միջոցառումների համար։

«Շատ երիտասարդներ կան, ովքեր ունեն տաղանդ, ինչ-որ նպատակ, որը չեն կարողանում իրականություն դարձնել, քանի որ մշակութային միջոցառումների հնարավորություն ու տեղ չկա: Երգի, պարի, գուցե ապագայում սպորտի համար: Մենք գիտակցում ենք, որ սկզբում լինելու են դժվարություններ, հիասթափություններ»,- ասում է Հրաչյա Համազարյանը։

Studia

Դժվարություններ

Յուրաքանչյուրի համար դժվարությունները և՛ ընդհանուր են եղել, և՛ անհատական, բայց նրանք ի սկզբանե պատրաստ են եղել անցնել այդ դժվարությունների միջով:

«Ամենադժվարը գաղափարի իրականացումն է։ Կարծում եմ, դա մենք հաղթահարել ենք։ Մենք լավ ընկերական թիմ ունենք, աջակցում ենք միմյանց։ Մենք մոտիվացնում ենք միմյանց»,- ասում է Հրաչյան։

Ռադիկի համար դժվարություն էր այն, որ նոր նախաձեռնությունը խլում է նրա գրեթե ողջ ժամանակը:

«Այս ընթացքում ընտանիքիս հետ շատ չէի լինում տանը: Ծնողներս դժգոհում էին, որ կին ունեմ, երեխա ունեմ, պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ նրանց հետ: Ես չէի կարողանում շատ ժամանակ տրամադրել նրանց»,- ասում է Ռադիկը։

Սոնայի համար նույնպես դժվարությունը ժամանակն էր, և նա պետք է ընտրություն կատարեր։

«Ես պետք է թողնեի իմ աշխատանքի մի մասը հեռուստատեսությունում: Թողեցի այն աշխատանքը, որն անում էի մեկ այլ կազմակերպությունում: Հասկանում էի, որ եթե ամբողջությամբ զբաղվեմ այս գործով, ինձ համար ֆինանսապես դժվար կլինի, քանի որ աշխատավարձը բավարար չէ, իսկ այստեղ դեռ առանձնապես մեծ եկամուտներ չունենք։ Հիմա հասկանում եմ, որ ճիշտ քայլ եմ արել»,- ասում է նա։

Քրիստինեն նույնպես ստիպված էր ինչ-որ բանից հրաժարվել, ավելի քիչ ուշադրություն դարձնել իր ուսմանը։

Line Up

Ֆինանսներ

Ընկերները ներդրել են սեփական գումարները, հույս ունեն, որ կստանան եկամուտ, երբ արդեն բացեն պարի և դերասանական վարպետության խմբակները, նաև նրանք փորձում են հնարավորության դեպքում դիմել դրամաշնորհներ ստանալու համար:

«Երբ բացվեն խմբակները, դրանք վճարովի կլինեն, թեև մենք գիտակցում ենք, որ սկզբում մեծ շահույթ չի լինի, բայց հետո, մեր հաշվարկներով, մեզ կբավականացնի, բայց դա չի նշանակում, որ դրամաշնորհների համար չենք դիմելու: Մենք բոլորս մեր աշխատանքն ունենք, հիմա ներդրումներ ենք անում այս գործի մեջ, մինչև մեր մասին կիմանան, և մենք առաջ կգնանք»,- ասում է Ռադիկ Եզոյանը։

Հիմնադիրներից մեկը՝ Քրիստինեն, արդեն դիմել է «Ածարմոե Սաքարթվելոշի» (Արտադրի՛ր Վրաստանում) պետական ծրագրով դրամաշնորհ ստանալու համար։

Բոլոր դժվարությունների հաղթահարումը, նպատակասլաց աշխատանքը և դրված նպատակներին հասնելը, այս գաղափարի հեղինակների կարծիքով, կնպաստեն նրան, որ կկոտրվեն որոշ կարծրատիպեր, երիտասարդները հնարավորություն կունենան ինքնադրսևորվել, եթե ունեն ներուժ, աշխուժություն կլինի տարբեր ոլորտներում, մասնավորապես Ախալքալաքի մշակութային կյանքում։