«Ուսանողները հանուն եվրոպական ապագայի» շարժումը մեղադրում է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման առաջնորդներին՝ «Տուն` դեպի Եվրոպա» բողոքի ցույցերը վատ կազմակերպելու մեջ և խոստանում իրենց վերահսկողության տակ վերցնել ակցիաների կառավարումը։

«Ուսանողները հանուն եվրոպական ապագայի» շարժումը համախմբում է վրացական մինչև 15 համալսարանների ուսանողների: Այս շարժումը կարողացել է մոբիլիզացնել հազարավոր երիտասարդների և դարձել է Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերի առանցքը, որոնք սկսվել էին երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ չշնորհելու պատճառով։

«Սիրցխվիլիա»-ի առաջնորդների կազմակերպած բողոքի ակցիան «Վրացական երազանքի» կրակի վրա յուղ է լցնում։ Նրանց ջանքերով երկու շաբաթվա ընթացքում 150 հազարանոց բողոքի ակցիան կրճատվել է՝ հասնելով մինչև 50 մարդ», – ասվում է ուսանողական շարժման երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:

Ինչպես նշում են ուսանողները, «Սիրցխվիլիա»-ն երեք տարի առաջ՝ իր հիմնադրումից ի վեր, «մտադրաբար կամ ակամայից կարողացել է ցրել ցույցերի մասշտաբները» բոլոր հակակառավարական հանրահավաքներում: Հիմա «վրացական հասարակությունն ու նրա երիտասարդությունը թույլ չեն տա, որ բողոքի ալիքը մեղմվի»,- հայտարարում են նրանք։

«Մեր շարժումը բացում է այն գործընթացը, որ բողոքի ալիքն իսկապես համազգային բնույթ ստանա։ Մեր դռները բաց են ոչ միայն ուսանողների, այլ հասարակության բոլոր շերտերի և սերունդների համար… Քանի որ մենք նորից խաբված վիճակում հայտնվեցինք, մենք կստանձնենք դրանց կառավարումը և կշարունակենք հետևել մեր ծրագրին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ուսանողական շարժումը հավելում է, որ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում իրենք ակտիվորեն հանդիպումներ են անցկացնում վրաց ժողովրդի հետ և տեղյակ են, թե ինչպիսին են մարդկանց տրամադրությունն ու ցանկությունները։

Կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ երրորդ լայնամասշտաբ եվրոպամետ հանրահավաքը՝ փողոց դուրս եկան քաղաքացիները, ովքեր կարծում են, որ երկրի իշխանությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն եվրաինտեգրման գործընթացում։

Կեսգիշերին ավարտվեց ցուցարարների վերջնագրի ժամկետը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով, որը կկարողանա կատարել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու բոլոր պայմանները։ Իշխող «Վրացական երազանքը» մերժել է վերջնագիրը։

Ակցիայի գլխավոր կազմակերպիչը՝ «Սիրցխվիլիա» շարժումը, խոստացել է բարձրաձայնել հետագա գործողությունների պլանը, սակայն դա տեղի չի ունեցել։ Ցուցարարներին հորդորել են գիշերել Կառավարության վարչակազմի դիմաց և սպասել կառավարության նիստին։ Արդյունքում բողոքի ակցիան շարունակելու համար մնացին ընդամենը մի քանի տասնյակ ակտիվիստներ։ Երկուշաբթի առավոտյան «Սիրցխվիլիա»-ն հայտարարեց ցույցի ավարտի մասին։

Աղբյուրը՝ newsgeorgia.ge