Ընտանեկան բռնությունը Վրաստանում ամենատարածված իրավախախտումներից է, գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հետ մեկտեղ:

Հուլիսի 1-ին Վրաստանում ընտանեկան վիճաբանության արդյունքում կնոջ սպանության հերթական դեպքն է եղել՝ Քութայիսիի կենտրոնում, հենց անմիջապես փողոցում, տղամարդը հաշվեհարդար է եղել նախկին կնոջ նկատմամբ։

Սպանությունը տեղի է ունեցել Ճավճավաձեի փողոցում, հայտնում է «Մթավարի» հեռուստաընկերությունը։ Տեղում մոբիլիզացված է պարեկային և քրեական ոստիկանություն։

Այս տարվա մայիսին Թբիլիսիում միանգամից երկու սարսափազդու դեպք է տեղի ունեցել, երբ ամուսինները սառը զենքով հարձակվել են իրենց կանանց վրա։ Կանանցից մեկին սպանել են երեխաների աչքի առաջ՝ ուղեւորատար ավտոբուսում, ամուսինը դանակի տասը հարված է հասցրել:

Դրանից երկու օր անց կրկին նման դեպք է տեղի ունեցել ավտոբուսի կանգառում՝ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրան հաջողվել է փրկել:

Կանանց նկատմամբ սարսափելի փաստերը հասարակական վրդովմունքի ալիք են բարձրացրել Վրաստանում։ Սոցցանցերում մեկնարկել է #არაქალთკვლა (#ՈչԿանանցՍպանությանը) ֆլեշմոբ, որին միացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բողոքի ցույցեր են անցկացվել երկրի մի շարք քաղաքներում։

Վրաստանում առաջին եռամսյակի արդյունքներով ընտանեկան բռնությունը երկրորդ տեղում է գողություններից հետո՝ գրանցվել է 1056 դեպք։

Անցյալ տարի երկրում ընտանեկան բռնության զոհ է ճանաչվել 8,4 հազար մարդ, որից 6,9 հազարը կանայք են։

2021 թվականի վերջին ընտանեկան բռնության իսկական ալիքը տարածվեց ամբողջ Վրաստանում։ Վրաստանի հարավում՝ Փոքր Սամսարի գյուղում, տղամարդը դանակով հարձակվել է իր նախկին կնոջ ընտանիքի վրա՝ վիրավորումներ հասցնելով հինգ մարդու, այդ թվում՝ մանկահասակ երեխայի։ Մինչ այդ ընտանիքը ոստիկաններին զգուշացրել էր նախկին փեսայի ագրեսիվ վարքագծի մասին։

Դրանից փոքր-ինչ առաջ գյուղերից մեկում տղամարդը կացնով սպանել էր իր կնոջն ու որդուն, որից հետո ինքնասպանություն էր գործել։

Անցյալ տարի գրանցվեց մի նախադեպ, երբ մահացած կնոջ ընտանիքը հաղթեց դատական գործը, որը քննում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Դատարանը վճռել է, որ ընտանիքը պետք է պետությունից ստանա 35 հազար եվրո։

Խոսքը 2014 թվականի դեպքերի մասին է, երբ Իլիայի համալսարանի դասախոս Մարիկա Ծիվծիվաձեն նախկին ամուսնու կողմից դանակահարվել էր հենց միջանցքում։ Նա ինքնասպան էր եղել, իսկ կինը մահացել էր կլինիկայում՝ վիրահատական սեղանի վրա։

Կնոջ ծնողները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք կարծում են, որ պետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն հոդվածները, որոնք երաշխավորում են կյանքի իրավունքը և պաշտպանությունը խտրականությունից իրենց դստեր նկատմամբ։

Գործի քննության ընթացքում դատարանը պարզել է, որ Ծիվծիվաձեն մեկ անգամ չէ, որ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, սակայն ոստիկանության օգնությանը դիմելն արդյունք չի տվել։

Արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանում գործում են ընտանեկան բռնությունից տուժածներին օգնելու մի քանի կենտրոններ։

Թեժ գիծ՝ 116 006։ Զանգն անվճար է, անանունությունը երաշխավորված է։