Վրաստան-Թուրքիա սահմանին՝ «Կարծախ» մաքսային անցակետում կրկին տարբեր երկրներից բեռնատարների շարասյուն է գոյացել։ Վարորդները սպասում են իրենց հերթին:

Վարորդների և տեղի բնակիչների խոսքով, ծանր բեռնատարների շարասյունները կանգնած են ավելի քան 2 շաբաթ։ Նշենք, որ այս խնդիրը արդիական էր նաև մայիս ամսվա կեսերին, սակայն հունիսի սկզբին որոշակի ժամանակահատվածում այս հարցը լուծվեց, սակայն հերթը նորից կուտակվել է։ Մաքսային վերահսկողության ծառայությունում տեղյակ չեն, թե ինչումն է խնդիրը, Jnews-ին հայտնեցին, որ Կարծախի մաքսային անցակետում աշխատանքները սովորական ռեժիմով են ընթանում։

Վրաստանում կտրուկ ավելացել է միջազգային բեռնափոխադրումների թիվը, քանի որ շատ ընկերություններ չեն կարող իրենց փոխադրումներն իրականացնել Ռուսաստանի տարածքով՝ վերջինիս նկատմամբ կիրառված արեւմտյան պատժամիջոցների պատճառով։ Բացի սրանից, թուրքական կողմի վերանորոգման աշխատանքների պատճառով դադարեցվել է «Վալե» մաքսային կետի աշխատանքը։ Այս ամենը միասին նպաստել է նրան, որ 2022 թվականի մայիսի կեսերին Կարծախի մաքսային կետում ավելի քան 800 բեռնատար էր կուտակվել։

Մաքսային վերահսկողության ծառայության տվյալներով՝ հունիսի 26-ից Վալեի մաքսային անցակետը վերսկսել է իր գործունեությունը։ Ծառայությունը տեղեկացված չէ, թե ինչ պատճառով է Ջավախքում հարյուրավոր բեռնատարների շարասյունը կանգնած։

Վրաստանցի վարորդն այստեղ ընդամենը մեկ օր է, բայց ասում է, որ մնացածներն ավելի երկար են սպասում։ Նրա խոսքով՝ ծանր բեռնատարների միայն 1-2 տոկոսն է վրացական, մնացածը՝ տարբեր երկրներից՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից… Վարորդները հանգիստ սպասում են իրենց հերթին, որ անցնեն Թուրքիա ու շարունակեն իրենց ճանապարհը։