Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի 136-րդ կիլոմետրում ինտենսիվ աշխատանքների և համապատասխան միջոցառումների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Տեղեկության համաձայն՝ տրանսպորտային միջոցներն այս փուլում կշարժվեն ժամանակավոր ճանապարհով, որին զուգահեռ նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում։

Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Վնասվել է մինչև 80 մետր ճանապարհ՝ Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի սահմանի միջև գտնվող չեզոք գոտում:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետն է, որն այսօր գործում է։