Այս տարի հասցրել էինք արտահանել 100 տոննա ծիրան, սակայն նախօրեին մեր 30 տոննա բերքը տանող երկու ավտոմեքենաները կանգնեցրել են վրացական սահմանն անցնելուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ագրոտորգ» ընկերության տնօրեն Վադիմ Գորդիենկոն:
«Մեր բեռն արդեն անցել էր Վրաստանի սահմանը, պետք է հասներ Ռուսաստան, բայց երեկ՝ օրվա երկրորդ կեսին, կանգնեցրին մեր երկու բեռնատար ավտոմեքենաները, որոնց մեջ ընդհանուր առմամբ կար 30 տոննա ծիրան: Այս տարի արդեն 100 տոննայից ավել արտահանել էինք, սակայն այժմ ստիպված ենք եղել կանգնեցրել բերքահավաքը, որը հիմա ընթանում էր: Կապի մեջ ենք մեր մյուս գործընկերների հետ, եւ այս խնդիրը համատարած է»,- նշել է Գորդիենկոն:
Արտահանող ընկերության տնօրենի խոսքով՝ եթե խնդիրը 3-4 օրում լուծում ստանա, բեռնատար ավտոմեքենաները կարող են տեղում սպասել, սակայն եթե խնդրի լուծումը ձգձգվի, ապա պետք է ստիպված լինել հետ բերել բերքը և չիր պատրաստել:
«Հավանականությունը, որ ծիրանը կարող է օրինակ՝ 10 օր մնալ, քիչ է: Ծիրանները տարբեր մարդկանցից են ձեռք բերված: Գյուղացիներ կան, որոնք նորմալ են իրենց բերքը մշակել, ինչի շնորհիվ իրենք բերքը երկար կդիմանա, բայց մարդ էլ կա, որը սխալ է մշակել, ու հետեւաբար՝ արագ կփչանա: Բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ ճանապարհի բացվելուց հետո մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են կուտակվելու: Եթե հայտարարեն՝ յոթ օրից ճանապարհը բաց կլինի, դեռ չի նշանակում, որ յոթ օրից մեր բեռը դուրս կգա: Բացի այս՝ շուկայում ամեն օր գնի փոփոխություն է լինում»,- ընդգծել է նա:
Վադիմ Գորդիենկոյի խոսքով՝ իրենք արդեն վնասներ կրել են, քանի որ տեղում են վճարում գյուղացիներին ձեռք բերված բերքի համար, հետվճարային համակարգ չի գործում:
«Ռուսական կողմի հետ համագործակացության դեպքում հնարավոր է, որ տուգանք չվճարենք, քանի որ ըստ մեր պայմանագրի՝ ֆորսմաժարային իրավիճակների դեպքում տուգանքներ չեն մուծվում: Բայց առհասարակ՝ Լարսը ենթակառուցվածքային շատ խնդիրներ ունի: Վրացական կողմի հետ խնդիրների գրեթե չենք բախվում, իսկ Ռուսաստանի կողմից միշտ տարբեր տեսակի խնդիրներ են լինում: Այլընտրանքային ճանապարահը պարտադիր է կամ թեկուզ այլ վերջնական լուծում պետք է լինի»,- ասել է Վադիմ Գորդիենկոն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): Վնասված հատվածը 80 կմ է։