Ինչպես «Ալիք մեդիային» հայտնել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները կսկսվեն հենց գետի մակարտակը իջնի:Այսինքն՝ դեռևս պարզ չէ, թե քանի օր կպահանջվի մայրուղու վնասված հատվածը վերանորոգելու և անցակետը երթևեկելի դարձնելու համար:
«Հենց Թերեք գետի մակարդակն իջնի, կսկսենք ճանապարհի վերականգնման աշխատանքները, կոնկրետ ժամանակ, թե երբ կիջնի գետի մակարդակը դեռևս չունենք, աշխատում ենք վերահսկել իրավիճակը, ամեն ինչի մասին օպերատիվ կերպով կհայտնենք մեր պաշտոնական էջի միջոցով», — հայտնել են Ճանապարհային վարչությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Այս պահի դրությամբ լարսով երթևեկությունն արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»- «Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետն է, որն այսօր գործում է։